Հոկտեմբերի 30-ի կարևոր լուրերը
Լուրեր |
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Փաշինյան․ խաղաղություն արդեն հաստատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև
Խաղաղության 8-րդ ֆորումի «Առաջնորդության խաչմերուկներում» թեմայով քննարկման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվել է խաղաղություն, և տարածաշրջանը կանգնած է նոր տնտեսական գործակցության շեմին։
Վարչապետը ընդգծել է, որ TRIPP նախագիծը կարող է դառնալ տարածաշրջանի տնտեսական զարգացման կարևոր նախաձեռնություն՝ կապելով Պարսից ծոցը Սև և Միջերկրական ծովերի հետ։ Նա հավելել է, որ առաջիկա ընտրությունները նշանակալի են խաղաղության և կայունության ամրապնդման գործում, ինչպես նաև հույս է հայտնել՝ շուտով դրական զարգացումներ կլինեն Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։
ԵՄ-ի ներկայացուցիչ Կայա Կալաս․ Վաշինգտոնի պատմական քայլը տարածաշրջանը մոտեցրեց խաղաղությանը
Եվրամիության արտաքին քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը, իր ուղերձում՝ Եվրանեսթ վեհաժողովի 12-րդ լիագումար նիստին, նշել է, որ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին արված պատմական քայլը Հայաստանը և Ադրբեջանը բերել է ավելի մոտ երկարաժամկետ խաղաղության։
Նա ընդգծել է, որ ԵՄ-ն շարունակում է աջակցել հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ նպաստելով տարածաշրջանի կայունությանը և բարգավաճմանը։
Հայաստան–Գերմանիա պաշտպանական խորհրդակցություններ
Հոկտեմբերի 28–29-ը Երևանում անցկացվել են Հայաստան–Գերմանիա երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ։ ՊՆ-ից հայտնում են, որ կողմերը պայմանավորվել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը ընդլայնել մի շարք ուղղություններով։
Թրամփ–Սի Ծինփին հանդիպում․ կարևոր որոշումներ և փոխադարձ խոստումներ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «հրաշալի» է անվանել Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ հանդիպումը, որը տևել է մեկ ժամ 40 րոպե՝ նախատեսվածից ավելի երկար։ Թրամփը նշել է, որ Սին խոստացել է աջակցել Ուկրաինայի կարգավորման հարցում։ Համատեղ հայտարարություն չի արվել։
Բրազիլիայում հակաթմրանյութային գործողություն․ 119 զոհ
Ռիո դե Ժանեյրոյում անցկացված հատուկ գործողության հետևանքով զոհվել է 119 մարդ։ Գործողությանը ներգրավվել է շուրջ 2500 ոստիկան՝ ուղղված «Կարմիր թիմ» ավազակախմբի չեզոքացմանը։
ԱՄՆ տնտեսությունը կարող է կորցնել մինչև 14 մլրդ դոլար շաթդաունի հետևանքով
ԱՄՆ Կոնգրեսի վարչությունը զգուշացրել է, որ դաշնային բյուջեի ուշացման պատճառով կառավարությունը չի կարողանում աշխատել, ինչը կարող է երկրի տնտեսությանը պատճառել 7–14 մլրդ դոլարի կորուստ։
Լուվրի գողության գործով նոր մանրամասներ
Փարիզի դատախազությունը հայտնել է, որ Լուվրից գողության գործով ձերբակալված երկու անձ «մասամբ ընդունել են» մեղքը։ Նրանք թանգարան են ներթափանցել վերին հարկի պատուհանից։ Գողացված թագն ու զարդերը դեռ չեն հայտնաբերվել։
ԱՄՆ զորքերի թվաքանակը Եվրոպայում կկրճատվի
Ռումինիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Վաշինգտոնը նախազգուշացրել է ՆԱՏՕ-ի դաշնակիցներին՝ ամերիկյան զորքերի թվաքանակը Եվրոպայում կրճատվելու է՝ գլոբալ վերադասավորման շրջանակում։
Կարիբյան ավերիչ փոթորիկ՝ 25 զոհ
«Մելիսա» փոթորիկը Ջամայկայում և Հաիթիում խլել է առնվազն 25 մարդու կյանք։ Ավելի քան 12 հազար մարդ տեղահանվել է, հազարավոր տներ՝ ջրի տակ անցել։ Փոթորիկը ճանաչվել է տարածաշրջանի պատմության երրորդ ամենահզորը։
ԱՄՆ-ը վերսկսում է միջուկային զենքի փորձարկումները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պուտինի հայտարարությունից հետո հանձնարարել է վերսկսել միջուկային զենքի փորձարկումները՝ հավասարություն ապահովելու նպատակով։ Վերջին փորձարկումը իրականացվել էր 1992 թվականին։
Գործարկվել է թվային աշխատանքային պայմանագրերի համակարգը
ՊԵԿ-ը հայտնել է, որ հոկտեմբերի 15-ից գործարկվել է նոր թվային համակարգ, որով գործատուներն ու աշխատողները կարող են առցանց կնքել և փոփոխել պայմանագրերը։ Համակարգը եռալեզու է և 2026-ի հունվարից կդառնա պարտադիր։
Պաշտպանության նախարարությունը հերքում է սպաների զանգվածային զորացրման լուրերը
ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը հերքել է պնդումները, թե զինծառայողները թոշակ կստանան միայն կենսաթոշակային տարիքում՝ 63-ում։ Նա ընդգծել է, որ նման նախագիծ գոյություն չունի։
Զինվորական ծառայության ժամկետը կկրճատվի մինչև 18 ամիս
Կառավարությունը հաստատել է օրենսդրական փոփոխություն, ըստ որի՝ 2026-ի հունվարի 1-ից պարտադիր ծառայությունը կկրճատվի 6 ամսով՝ դառնալով 18 ամիս։
ՄԻՊ-ի բյուջեն՝ 602 մլն դրամ
2026 թվականի բյուջեով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ծախսերը կկազմեն 602 մլն դրամ։ Պաշտպանը կարևորել է աշխատավարձերի բարձրացումն ու շենքային պայմանների բարելավումը։
Եվրամիությունը Հայաստանին կհատկացնի 5 մլն եվրո՝ միջուկային անվտանգության համար
Գումարը կուղղվի Հայկական ԱԷԿ-ի անվտանգության բարձրացմանն ու ոլորտը կարգավորող մարմինների կարողությունների զարգացմանը։
Ասիական զարգացման բանկը Հայաստանին տրամադրում է 250 մլն դոլար վարկ
Վարկը՝ 27 տարով և 10 տարվա արտոնյալ ժամկետով, կօգտագործվի Արցախի տեղահանվածների բնակապահովման ծրագրի համար։
Պետական ծրագրերի հարկային արտոնություններ
Կառավարությունը հաստատել է նոր կարգավորումներ, որոնցով պետական աջակցությունը շահութահարկով չի հարկվելու անմիջապես՝ այլ աստիճանաբար՝ ըստ ակտիվների օգտագործման։
Քրեական գործ՝ Մայր Աթոռի դիվանապետի անձնական տեսանյութի հրապարակման գործով
Քննությունը իրականացվում է ՔՕ 204-րդ հոդվածով՝ անձնական կյանքի գաղտնիության խախտման հիմքով։
Սաակաշվիլի․ խաղաղություն հնարավոր է միայն առանց Ռուսաստանի ազդեցության
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին նշել է, որ Հարավային Կովկասում խաղաղությունը հնարավոր է միայն ռուսական ազդեցության նվազեցմամբ։
Փոփոխություններ՝ Արցախի տեղահանվածների բնակարանային ծրագրում
Կառավարությունը պարզեցրել է փաստաթղթերի պահանջները և ընդլայնել աջակցության շրջանակը։ 3240 ընտանիք արդեն ստացել է հավաստագիր, 1210-ը՝ օգտվել աջակցության հնարավորությունից։
Կիբեռհարձակումներ՝ կեղծ WhatsApp և Viber հաշիվներով
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է նոր խաբեությունների մասին, որոնց միջոցով մարդիկ կորցնում են գումարներ՝ մտածելով, թե իրենց գրում են ծանոթները։
Սուրեն Պապիկյանը և Արթուր Պողոսյանը՝ սահմանին
Պաշտպանության նախարարը և Քննչական կոմիտեի նախագահը այցելել են հարավարևելյան սահմանագոտի՝ հետևելու ինժեներական աշխատանքներին։ Մի շարք զինծառայողներ պարգևատրվել են։
Ալիևը հրաժարվել է մեկնել Երևան՝ ԵԽՄ գագաթնաժողովին
Ադրբեջանի նախագահը մերժել է հրավերը՝ պատճառաբանելով, որ խաղաղության պայմանագիրը դեռ վերջնականապես չի ստորագրվել։
Սամվել Կարապետյանի կալանքը երկարացվել է մեկ ամսով
Փաստաբանների խոսքով՝ դատարանը անտեսել է հիմնավոր կասկածների բացակայությունը։ Նրանք պնդում են, որ գործը քաղաքական ենթատեքստ ունի։
Կառավարությունը հրաժարվում է «Հայփոստ»-ի բաժնետոմսերից
Պետությունը հրաժարվել է 1.3 մլն բաժնետոմսերի ձեռքբերման իրավունքից։ Դրանք փոխանցվելու են «ՌԵՆՇԻՆ» ընկերությանը՝ Երևանի Սարյան 22-ում «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» կառուցելու ծրագրի շրջանակում։
ՆԳՆ․ զգուշացեք անվճար Wi-Fi-ից
ՆԳՆ-ն հիշեցնում է՝ հանրային Wi-Fi ցանցերը հաճախ անպաշտպան են, և կիբեռհանցագործները կարող են գողանալ անձնական տվյալները։
Խաղողագործների աջակցություն՝ Վայոց Ձորում
Կառավարությունը կսուբսիդավորի արենի և ոսկեհատ սորտերի չմթերված բերքի մթերումը՝ 1 կգ-ի դիմաց վճարելով 70 դրամ։
Փաշինյան–Մակրոն հանդիպում Ելիսեյան պալատում
Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը քննարկել է Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական հարաբերությունները, խաղաղության գործընթացը և TRIPP նախագծի զարգացումը։ Կողմերը վերահաստատել են փոխգործակցության խորացման պատրաստակամությունը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/11/27 22:00
Նոյեմբերի 27-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում
Լուրեր | 2025/11/27 19:39
Նոյեմբերի 27-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
-
Կոտայքում գործող ավտոգազալիցքավորման ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 10.7 մլն դրամի վնասը
2025/11/28/ 11:29 -
Երևանում բետոնի արտադրամասի անօրինական գործունեությունը կասեցվել է. ինչքան տուգանք է նշանակվել
2025/11/28/ 11:24 -
Նոյեմբերի 27-ի բիզնես լուրերը
2025/11/27/ 22:00 -
Նոյեմբերի 27-ի կարևոր լուրերը
2025/11/27/ 19:39 -
Վստահության նոր չափանիշ կառուցապատման և անշարժ գույքի ոլորտում «գնորդի վճարումների ապահովագրության՝ միջազգային երաշխիքով» Artcompany-ի, Argo Realty-ի և Էֆես ապահովագրականի շնորհիվ
2025/11/27/ 19:32 -
Ինչու է թվում, որ կյանքը դարձել է «դրամապանակից արագ»
2025/11/27/ 18:17 -
Հոնկոնգի Թայ Պո շրջանում բնակելի շենքերում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 65-ի․ ինչն է դարձել հրդեհի պատճառ
2025/11/27/ 18:06 -
Արցախից տեղահանված ուսանողները կստանան ուսման վարձի փոխհատուցում․ ինչպես կարող են օգտվել ծրագրից
2025/11/27/ 17:42 -
Արդյունաբերության ոլորտի աճի հիմքում առկա են անկայուն գործոններ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
2025/11/27/ 17:02 -
5 կարևոր որոշում Կառավարության նիստից․ ինչ է քննարկվել նոյեմբերի 27-ի նիստում
2025/11/27/ 16:38
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Ucom-ն աջակցում է տիեզերական ճարտարագիտության զարգացմանը Հայաստանում
ՓՈՂ NEWS. ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 2025 Թ․
Վստահության նոր չափանիշ կառուցապատման և անշարժ գույքի ոլորտում «գնորդի վճարումների ապահովագրության՝ միջազգային երաշխիքով» ArtCompany-ի, AR-GO Realty-ի և EFES Insurance ապահովագրականի շնորհիվ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 2025 Թ․