Հոկտեմբերի 16-ի կարևոր լուրերը

Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվեց

Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս 30 օրով։ Քննիչը միջնորդությունը ներկայացրել էր հոկտեմբերի 11-ին, իսկ դատարանը հարցը քննարկել է երկու օր։

ԱՄՆ–Չինաստան առևտրային լարվածությունը սրվում է

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն առևտրային պատերազմի մեջ է Չինաստանի հետ։ Պեկինը արձագանքել է՝ նշելով, որ պատրաստ է թե՛ բանակցությունների, թե՛ պայքարի։ Երկուստեք հայտարարությունները վկայում են տնտեսական լարվածության աճի մասին։

Կալանք՝ Արագածոտնի թեմի առաջնորդի և դիվանապետի նկատմամբ

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորվել է 2 ամսով, իսկ դիվանապետ տեր Գարեգին Արսենյանը՝ մեկ ամսով։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին իրավապահները խուզարկել էին առաջնորդարանի տարածքը և բերման ենթարկել 12 հոգևորականի։

Մայր Աթոռը հայտարարում է ճնշումների մասին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը արձագանքել է Արագածոտնի թեմում իրականացված գործողություններին՝ դրանք որակելով Եկեղեցու դեմ ուղղված ճնշում։ Հայտարարության մեջ Եկեղեցին հավատացյալներին կոչ է արել մնալ միասնական և չտրվել սադրանքների։

Լավրովը նախազգուշացնում է ԱՄՆ-ին

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Կիևին Tomahawk հրթիռների մատակարարումը կվնասի Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններին՝ սրելով լարվածությունը և խոչընդոտելով երկխոսությունը։


Հնդկաստանը դադարեցնում է ռուսական նավթի գնումը

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին վստահեցրել է Թրամփին, որ Դելին դադարեցնում է ռուսական նավթի գնումը։ Թրամփի խոսքով՝ պատերազմից հետո Հնդկաստանը կարող է վերադառնալ ռուսական նավթի շուկա։

Հայաստան–ԱՄՆ պաշտպանական համագործակցությունը խորանում է

Սուրեն Պապիկյանը Պենտագոնում հանդիպել է ԱՄՆ պաշտոնյաների հետ։ Կողմերը քննարկել են պաշտպանական բարեփոխումների խորացման, ռազմական կրթության և համատեղ նախաձեռնությունների հարցեր։

Էկոպարեկներ՝ կաշառքի և անօրինական ծառահատումների մեջ

Իջևանի անտառտնտեսությունում կաշառք ստացած էկոպարեկները թույլ են տվել ապօրինի ծառահատումներ։ Նրանք չեն արձանագրել հանցագործությունը՝ ստացած գումարի դիմաց։ Մեղադրանք է առաջադրվել ինչպես նրանց, այնպես էլ կաշառք տված անձանց։

Ռուսական գազատարի վրա դիվերսիայի փորձ

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը կանխել է «Թուրքական հոսք» գազատարի վրա նախապատրաստվող հարձակում։ Ըստ Բորտնիկովի՝ պլանավորվել էին անօդաչու սարքերով հարվածներ Կասպյան խողովակաշարային օբյեկտներին։

Թրամփը սպառնում է զինաթափել ՀԱՄԱՍ-ին

Վաշինգտոնի միջնորդությամբ հրադադարի պայմանավորվածությունից հետո ՀԱՄԱՍ-ը իրականացրել է նոր մահապատիժներ։ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը «ուժով զինաթափելու է» խմբավորումը, եթե այն չհրաժարվի զենքից։

Բեռնափոխադրողների բողոքի ակցիան՝ կառավարության դիմաց

Բեռնափոխադրողները բողոքել են Ռուսաստան մուտքի արգելքների պատճառով։ Նախարար Գևորգ Պապոյանը նրանց վստահեցրել է, որ խնդիրը քննարկվում է բարձր մակարդակով։

Սննդամթերքի գների համաշխարհային ցուցակում՝ Հայաստանի դիրքը

Հայաստանը 139 երկրների շարքում 86-րդն է սննդամթերքի բարձր գների ցուցանիշով։ Տարածաշրջանում առաջինն է Թուրքիան, իսկ Վրաստանը՝ 104-րդը։

Բացահայտվել է 205 մլն դրամի հափշտակություն

Քննչական կոմիտեն հայտնել է, որ բացահայտվել է 205 մլն դրամ հափշտակություն, բյուջե վերադարձվել է 425 մլն դրամ։ Գործով մեղադրյալ է 16 անձ։

Պետական ծանուցումները դառնում են էլեկտրոնային

Կառավարությունը հաստատել է էլեկտրոնային ծանուցումների համակարգի ներդրումը՝ վարչարարությունը պարզեցնելու և ծախսերը նվազեցնելու համար։

Ոսկու գինը՝ պատմական առավելագույնին

Մեկ տրոյական ունցիայի արժեքը հասել է 4,250 դոլարի՝ սահմանելով նոր ռեկորդ։ Արծաթի գինը, սակայն, նվազել է՝ հասնելով 52.4 դոլարի։

Կանանց առողջության իրազեկման ամիսը՝ կառավարության ուշադրության կենտրոնում

Կառավարության նիստում քննարկվել է կանանց կրծքագեղձի հետազոտությունների կարևորությունը։ Վարչապետ Փաշինյանը նշել է, որ ապահովագրական համակարգը կաջակցի կանխարգելիչ բժշկությանը։

Կարսում՝ թուրք-ադրբեջանա-վրացական զորավարժություններ

Եռակողմ վարժանքների ընթացքում զինվորականները մշակելու են ռազմավարական օբյեկտների պաշտպանության մարտավարական սցենարներ։

Էլեկտրամոբիլների ԱԱՀ արտոնությունը երկարաձգվեց

ԱԱՀ-ից ազատման արտոնությունը երկարաձգվել է մինչև 2026-ի դեկտեմբերի 31-ը։ Այս տարի արդեն ներմուծվել է 14,888 էլեկտրամեքենա։

Մամոգրաֆիկ հետազոտությունները՝ պետպատվերով

Պետությունը սկսել է սքրինինգային նոր ծրագիր՝ ապահովելով մամոգրաֆիկ հետազոտությունների անվճար իրականացում սոցփաթեթի շահառուների և սոցիալական տարբեր խմբերի համար։

Հայտարարագրերի տուգանքները կհանվեն

Նախատեսվում է, որ ՊԵԿ-ը նախալրացնելու է քաղաքացիների հայտարարագրերը։ Եթե լրացումներ չլինեն, դրանք կհամարվեն ներկայացված՝ առանց տուգանքի։

Լրագրողների բողոքը՝ Պենտագոնում սահմանափակումների դեմ

Մոտ 50 լրագրող լքել է Պենտագոնը՝ բողոքելով նոր կարգերի դեմ, որոնք սահմանափակում են տեղեկատվության ստացումը և շարժման ազատությունը։

Փաշինյանը գոհ է Ալիևի հետ հանդիպումից

Վարչապետը նշել է, որ խաղաղություն է հաստատվել, և ընթացքի մեջ է դրա ինստիտուցիոնալացումը։ Փաշինյանը ընդգծել է, որ «Զանգեզուրի միջանցք» հասկացություն գոյություն չունի։

Էլեկտրոնային հարթակ՝ պետական ծանուցումների համար

Քաղաքացիները պետական ծանուցումները կստանան էլեկտրոնային հարթակի միջոցով։ Եթե եռօրյա ժամկետում չընթերցեն ծանուցումը, այն կհամարվի պատշաճ ներկայացված։

«Դատապարտյալների հիվանդանոցը» դադարեցնում է աշխատանքը

Դատապարտյալների բուժօգնությունը կկենտրոնանա «Արմավիր» ՔԿՀ-ում ստեղծված նոր բուժմասում, իսկ հոգեկան առողջության խնդիրներով անձինք՝ մասնագիտացված կենտրոնում։

Մշակութային ժառանգության միջազգային օրվա միջոցառումներ

Հայաստանի 10 մարզի 230 համայնքից ավելի քան 360 կազմակերպություն մասնակցում է ոչ նյութական մշակութային ժառանգության օրվա միջոցառումներին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո։

Աշոտ Մինասյանը դատապարտվել է 2 տարով

Վերաքննիչ դատարանը փոխել է նախորդ դատավճիռը՝ սահմանելով իրական ազատազրկում ապօրինի զինամթերք պահելու և տեղափոխելու համար։

Ադրբեջանը կկրճատի պաշտպանական ծախսերը

Մինչև 2030 թվականը Ադրբեջանի պաշտպանության և անվտանգության ծախսերը կնվազեն մինչև 4.7 մլրդ դոլար՝ 8.6%-ով պակաս, քան 2026-ին։

Գերմանիան 10 միլիարդ եվրո կներդնի դրոնների արտադրության մեջ

Գերմանիան նախատեսում է ձեռք բերել ինչպես պաշտպանական, այնպես էլ հարձակողական գործողությունների համար նախատեսված անօդաչուներ։

Apple-ը շարունակում է ընդլայնվել Չինաստանում

Apple-ը պատրաստվում է մեծացնել ներդրումները Չինաստանում։ Պեկինը խոստացել է աջակցել խելացի տեխնոլոգիաների կիրառմանն ու բարենպաստ բիզնես միջավայրին։