Հոկտեմբերի 13-ի կարևոր լուրերը
Լուրեր |

Փաշինյանը կմասնակցի Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին Եգիպտոսում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր աշխատանքային այցով մեկնում է Եգիպտոսի Արաբական Հանրապետություն։ Վարչապետը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հրավերով, Շարմ էլ-Շեյխ քաղաքում կմասնակցի Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին։
Գագաթնաժողովին կմասնակցեն նաև մի շարք երկրների առաջնորդներ, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ադրբեջանական մամուլի հաղորդմամբ՝ Փաշինյանն ու Ալիևը Շարմ էլ-Շեյխում ունեցել են կարճատև զրույց, որին ավելի ուշ միացել է նաև Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը։
ԱՄՆ-ի արևելյան ափը տուժել է հզոր փոթորիկներից
ԱՄՆ-ի արևելյան ափին «Նորեիսթեր» փոթորիկը խափանել է տրանսպորտը՝ ուղեկցվելով ուժեղ քամիներով, տեղումներով և ջրհեղեղներով։ Ալյասկայի արևմուտքում «Հալոնգ» թայֆունի մնացորդները նույնպես առաջացրել են փոթորկային եղանակ և կործանարար ջրհեղեղներ։ Կիպնուկ և Կվիգիլինգոկ գյուղերում իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ՝ 20 անհետ կորածի որոնման ուղղությամբ։
Մակրոնը կրկին նշանակել է Լեկորնուին վարչապետ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նորից նշանակել է Սեբաստիեն Լեկորնուին վարչապետ՝ ընդամենը չորս օր անց նրա հրաժարականից։
Լեկորնուն ներկայացրել է նոր կառավարություն, որը ներառում է «քաղաքացիական հասարակության» ներկայացուցիչներ և մի շարք նախկին նախարարներ։ Ընդդիմությունը հայտարարեց, որ կփորձի տապալել նոր կաբինետը, մինչդեռ վարչապետը շեշտել է, որ կառավարման մեջ կընտրի կուսակցական շահերից անկախ մասնագետների։ Նոր կառավարությունը բաղկացած է 34 անդամից, որոնցից 19-ը մշտական նախարարներ են։
Թրամփը չի բացառում Կիևին «Տոմահավկ» հրթիռների մատակարարումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Ուկրաինայում իրավիճակը չկարգավորվի, Միացյալ Նահանգները կարող է քննարկել Կիևին «Տոմահավկ» հրթիռների մատակարարումը։ Նա հավելել է, որ վստահ է՝ Վլադիմիր Պուտինը կհամաձայնվի խաղաղ կարգավորմանը։
Թրամփը նաև հաստատել է Վոլոդիմիր Զելենսկու հետ ունեցած արդյունավետ զրույցի մասին տեղեկությունները։
Իսրայելում սպասում են պատանդների ազատ արձակմանը
Հազարավոր իսրայելցիներ հավաքվել են Թել Ավիվում՝ «Պատանդների հրապարակում», սպասելով երկու տարուց ավելի գերության մեջ գտնվող տղամարդկանց վերադարձին։ Գերեվարվածների հարազատները գտնվում են Ռեյմ ավիաբազայում, որտեղ ազատ արձակվածները կտեղափոխվեն Կարմիր խաչի հսկողությամբ։ Այսօր առավոտյան «ՀԱՄԱՍ»-ը հրապարակել է ազատ արձակվելիք 20 պատանդների ցուցակը։
Փաշինյանը քննադատել է նախկին ղեկավարներին Ղարաբաղի հարցում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի նախկին ղեկավարները չիրականացրին Ղարաբաղյան հակամարտության լուծման իրենց ներկայացրած «հոյակապ տարբերակները»՝ երկու պատճառով՝ հանցավոր անգործություն և քաղաքական խաբեություն։
Նրա խոսքով՝ նախկին իշխանությունները կամ չեն գործել անհրաժեշտ քայլեր Հայաստանի և Արցախի անվտանգության համար, կամ էլ պարզապես շահարկել են այդ թեման՝ իշխանությունը պահպանելու նպատակով։
Բողոքի ցույցեր Վրաստանում
Վրաստանում վերսկսվել են ընդդիմադիր ցույցերը։ Ցուցարարները, ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի դրոշներով, կրկին դուրս են եկել փողոց՝ պահանջելով կառավարության հրաժարականը։
Հատուկ նշանակության ուժերը կիրառում են արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ։ Ցուցարարները փորձել են ներխուժել նախագահական նստավայրի տարածք՝ կոտրելով անվտանգության պատնեշները։
Սողանք՝ Հնդկաստանի լեռներում
Հնդկաստանի լեռնային շրջանում հսկայական սողանքը ոչնչացրել է հյուրանոց և մի քանի խանութ։ Այս պահին վիրավորների և զոհերի մասին տեղեկություն դեռ չկա։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են։
Բաքվում՝ Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի եռակողմ հանդիպում
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում անցկացվում է Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի կառավարությունների ներկայացուցիչների հանդիպումը։ Քննարկվում են տրանսպորտի, էներգետիկայի և մաքսային ոլորտներում համագործակցության ծրագրեր։
Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը նշել է, որ նման ձևաչափերը կարևոր են տարածաշրջանային կայունության և տնտեսական առաջընթացի համար։
Սուրեն Պապիկյանը՝ աշխատանքային այցով ԱՄՆ-ում
Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ժամանել է ԱՄՆ՝ հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության օրակարգի շրջանակում։
Նրա այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ՝ ռազմական կրթության, խաղաղապահ առաքելությունների և ուսումնական ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ։
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակում Ղրիմում
Ուկրաինական անօդաչուները հարձակվել են Ղրիմի Թեոդոսիայի նավթամբարի վրա։ Հրդեհի հետևանքով զոհեր չկան։
Նավթամբարը, որը պահեստավորում է մինչև 250 հազար տոննա վառելիք, մատակարարում է Ռուսաստանի նավատորմին և ցամաքային զորքերին։
Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվել է
Գործարար Սամվել Կարապետյանի փաստաբանները հայտնել են, որ նրա կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով՝ չնայած դատարանը չի գտել բավարար ապացույցներ տնտեսական մեղադրանքների մասով։
Պաշտպանական խումբը գործընթացը համարում է քաղաքական մոտիվացված։
Կառավարությունը խթանում է հավաստագրված սերմերի օգտագործումը
Հայաստանի կառավարությունը հաստատել է նոր ծրագիր՝ ուղղված հավաստագրված սերմերի կիրառման խթանմանը։
Աշնանացան ցորենի դեպքում յուրաքանչյուր մշակված հեկտարի համար կտրամադրվի 80 հազար դրամ։ Դիմումների ընդունումը բաց է մինչև նոյեմբերի 1-ը։
Երեխա ունեցող ընտանիքներին տրամադրվել է ավելի քան 10 մլրդ դրամ աջակցություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալներով՝ 2025 թվականին աջակցություն է ստացել 2425 շահառու՝ շուրջ 2 միլիարդ դրամի չափով։ Ծրագրի մեկնարկից ի վեր աջակցություն է ստացել 14,546 ընտանիք՝ ընդհանուր 10.6 միլիարդ դրամ գումարով։
ԱՄՆ-ը և Չինաստանը նոր մաքսատուրքային հակամարտության մեջ
ԱՄՆ-ը հայտարարել է, որ նոյեմբերի 1-ից Չինաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ կսահմանի լրացուցիչ 100% մաքսատուրք։
Ի պատասխան՝ Չինաստանը հայտարարել է արտահանման վերահսկողության խստացման մասին։ Վերլուծաբանների կարծիքով՝ քայլերը կարող են խորացնել առևտրային լարվածությունը։
Շենգենյան գոտում ներդրվում է մուտքի նոր թվային համակարգ
Եվրամիությունը սկսել է սահմանային վերահսկողության նոր թվային համակարգի ներդրումը։ Առաջին մուտքի ժամանակ քաղաքացիներից կվերցվեն կենսաչափական տվյալներ՝ դեմքի պատկեր և մատնահետքեր։ Հետագա մուտքերը կլինի արագացված՝ տվյալների համեմատությամբ։
Գերմանիան Հայաստանին կհատկացնի 84,6 մլն եվրո դրամաշնորհ
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, որ Գերմանիան Հայաստանին կտրամադրի 84,6 միլիոն եվրո՝ վերականգնվող էներգետիկայի, տեխնիկական կրթության, ջրային ենթակառուցվածքների և տեխնոլոգիական համագործակցության զարգացման նպատակով։
Թուրքական ներդրումների դերը Հայաստանում
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ թուրքական ընկերությունները Հայաստանում գործում են 2012-ից։ Նրա խոսքով՝ խաղաղության հաստատման դեպքում ներդրումների աճը, այդ թվում թուրքական, կնպաստի տնտեսական կայունությանն ու զարգացմանը։
Բեռնափոխադրողների բողոքը՝ կառավարության շենքի մոտ
Հայաստանի բեռնափոխադրողները բողոքի ակցիա են անցկացրել կառավարության մոտ՝ պահանջելով փոխել Ռուսաստանի տարածքում գտնվելու ժամկետների սահմանափակումը։
Նոր օրենքի համաձայն՝ ոչ վիզային ռեժիմով քաղաքացիները Ռուսաստանում կարող են մնալ մինչև 90 օր։
Արտածման նոր կանոններ Վրաստանում
Վրաստանում 2026 թվականի մարտից կգործեն նոր կանոններ՝ օտարերկրյա աշխատողների համար։ Աշխատողներն ու հեռավար մասնագետները պետք է ունենան աշխատանքի թույլտվություն՝ տրված աշխատանքի նախարարության կողմից։
Արձանագրվել է օդի աղտոտվածության բարձր մակարդակ Երևանում
Հիդրոօդերևութաբանության կենտրոնի տվյալներով՝ հոկտեմբերի 8–12-ը մայրաքաղաքում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի նորման 1.1–4.7 անգամ, առավելապես Նոր Նորքում և Շենգավիթում։
ՀԴՄ և չգրանցված աշխատողների խախտումներ
ՊԵԿ-ի տվյալներով՝ խոշոր հարկ վճարողների մոտ հայտնաբերվել է 136 չգրանցված աշխատող և ՀԴՄ խախտումների 24 դեպք։ Ընդհանուր տուգանքների չափը կազմել է շուրջ 162 մլն դրամ։
ԵՄ երկրները շարունակում են ռուսական էներգիայի ներմուծումը
Reuters-ի տվյալներով՝ ԵՄ յոթ երկրներ՝ Ֆրանսիան, Բելգիան, Նիդերլանդները, Խորվաթիան, Ռումինիան, Պորտուգալիան և Հունգարիան, 2025-ի ընթացքում ավելացրել են ռուսական էներգառեսուրսների ներմուծումը՝ ընդհանուր՝ 11 միլիարդ եվրո արժողությամբ։
«Սպայկա»-ի շուրջ իրավիճակը շարունակում է լարվել
Ռուսաստանի իրավապահները միջնորդություն են ներկայացրել Հայաստանի գլխավոր դատախազություն՝ «Սպայկա» ընկերության գործով։ Ընկերության ավելի քան 100 բեռնատար շարունակում է մնալ արգելափակված Ռուսաստանի տարածքում։
Սամվել Կարապետյանին առաջադրվել է նոր մեղադրանք
Քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ գործարար Սամվել Կարապետյանին առաջադրվել է լրացուցիչ մեղադրանք՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մասով։ Պաշտպանական կողմը գործընթացը գնահատում է որպես քաղաքականապես մոտիվացված։
Լավրովը՝ Պաղեստինի պետության անհրաժեշտության մասին
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ արևմտյան որոշ երկրներ փորձում են ստեղծել ոչ թե անկախ, այլ ենթամանդատային Պաղեստին։ Նրա խոսքով՝ խնդրի միակ լուծումը փոխզիջումների ճանապարհով լիարժեք պետության ստեղծումն է։
Լարվածություն Կարմիր սարի հանքարդյունահանման հարցում
Արարատի մարզի Կարմիր սարում քննարկվում է հանքարդյունահանման թույլտվության հարցը։ Տեղացիները պնդում են, որ հանքը սպառնում է էկոհամակարգին և գյուղատնտեսությանը։
2300 քաղաքացիներ ստորագրել են հանրագիր՝ դեմ արտահայտվելով հանքի շահագործմանը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Հոկտեմբերի 13-ի բիզնես լուրերը
2025/10/13/ 21:00 -
Հոկտեմբերի 13-ի կարևոր լուրերը
2025/10/13/ 20:20 -
Զբոսաշրջության նորարարության և զարգացման ֆեդերացիան ամփոփեց իր մեկ տարվա աշխատանքը
2025/10/13/ 19:30 -
Ինչու են միլիարդատերերը պատրաստվում աշխարհի վերջին, և ինչ կարող է սովորել հասարակությունը նրանցից
2025/10/13/ 18:40 -
Դալան Տեխնոպարկի շինարարությունը հասել է կարևոր հանգրվանի
2025/10/13/ 17:48 -
Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում ՔՊ խմբակցությունն առաջադրել է Արմեն Քթոյանի թեկնածությունը
2025/10/13/ 17:47 -
Ռուսաստանում ապօրինի ներգաղթյալներին արտաքսում Է սպառնում․ Վոլոդին
2025/10/13/ 17:36 -
Որ դեպքում քաղաքացին հայտարարագիր չի լրացնի․ պարզաբանում
2025/10/13/ 17:25 -
Կարմիր սարում հանք բացելու վերաբերյալ հանրային լսումները լարված են անցել
2025/10/13/ 17:23 -
Հունվար-հունիսին ՀՀ–ից ռուսական կապիտալի էական արտահոսք է գրանցվել
2025/10/13/ 16:56
Բաժանորդագրվել

Փոխարժեք
Տեսանյութեր

ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 2025Թ․

ՓՈՂ NEWS. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 2025Թ.

«ԳԱԲՐԻԵԼՅԱՆ ԸՆԴ ՓԱՐԹՆԵՐՍ». ԱՇԽԱՐՀԻ ՏԱՐԲԵՐ ԱՆԿՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՏԵԿՏԻՎՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՆ

ԻՆԵԿՈԲԱՆԿԻ ՀԵՏ ՆՈՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ SALESFORCE-Ը ԳԱԼԻՍ Է ՀԱՅԱՍՏԱՆ

IDBANK-Ը ԵՊՀ «ՓՈԽԱԿԵՐՊՎՈՂ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՈՎԱՆԱՎՈՐ
