ABNews

Նոյեմբերի 20-ի կարևոր լուրերը

Լուրեր | 2026/11/20 20:20

Նոյեմբերի 20-ի կարևոր լուրերը

Նոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի երկուշաբթի. Փաշինյանը հրաժարական կտա, եթե ժողովուրդը դեմ քվեարկի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Նոր Սահմանադրության տեքստը պատրաստ է, և երկուշաբթի օրը Արդարադատության նախարարությունը կհրապարակի նախագիծը: Փաշինյանը վստահություն է հայտնել, թե նոր Սահմանադրության ընդունումից հետո ինստիտուցիոնալ խաղաղություն կլինի, նոր պահանջներ չեն լինի՝ առաջարկելով ընդդիմությանը ապահովել անհրաժեշտ 6 ձայնը Սահմանադրության ընդունման հանրաքվեի գնալու համար: Փաշինյանը նաև նշել է, եթե ժողովուրդը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը, ինքը հրաժարական կտա:

2027-ից ԱՍՀՆ թվային համակարգեր մուտք գործելու համար կպահանջվի էլեկտրոնային ստորագրություն

2027 թվականի հունվարի 1-ից Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության թվային համակարգերից օգտվելու համար անհրաժեշտ կլինի էլեկտրոնային ստորագրություն։ Նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ կդադարեցվի էլեկտրոնային փոստով և գաղտնաբառով մուտք գործելու հնարավորությունը՝ համակարգերի անվտանգությունը բարձրացնելու նպատակով։ Նախարարը քաղաքացիներին կոչ է արել նախապես ձեռք բերել ID քարտ և ակտիվացնել էլեկտրոնային ստորագրությունը։

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Շենչժենի եռակողմ հանդիպումը «ֆոտոսեսիա» է որակել

Բեռլինում անցկացվող եվրոպական երկրների հավաքին, որին մասնակցում է նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն անդրադարձել է Շենչժենում ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը: Ընդգծելով, որ Յալթայի ձևաչափը խաղաղություն չի բերի Եվրոպային, Մերցը հայտարարել է, որ Բեռլինը կշարունակի աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի: Կանցլերը Շենչժենյան հանդիպումը «ֆոտոսեսիա» է որակել։

ՄԻՊ Անահիտ Մանասյանն ուղերձ է հղել Երեխաների համաշխարհային օրվա առթիվ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Երեխաների համաշխարհային օրվա առթիվ հղած ուղերձում ընդգծել է երեխաների իրավունքների պաշտպանության և անվտանգ միջավայրի ապահովման կարևորությունը։ Նա նշել է, որ ոլորտում դեռևս կան լուծում պահանջող խնդիրներ, այդ թվում՝ երեխաների նկատմամբ բռնությունը, բուլինգը, կրթության հասանելիությունն ու հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների պաշտպանությունը։ Մանասյանն ընդգծել է նաև երեխաների իրազեկվածության բարձրացման և նրանց ձայնը լսելի դարձնելու անհրաժեշտությունը։

ՊՆ-ն պարզաբանել է բանակում մահվան դեպքերի վիճակագրությունը՝ 44 զոհի մասին լուրերը որակելով մանիպուլյատիվ

ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը պարզաբանել է, որ նախարարությունը մահվան դեպքերը բաժանում է երկու խմբի՝ ծառայության ընթացքում տեղի ունեցած և ծառայության հետ կապ չունեցող դեպքեր։ Երկրորդ խմբում, օրինակ, ներառվում են արձակուրդի ժամանակ կամ ծառայության վայրից դուրս տեղի ունեցած մահերը։ Թորոսյանի խոսքով՝ այս երկու խմբերի թվերը միասին ներկայացնելը սխալ պատկեր է ստեղծում։ Նա 44 մահվան դեպքի մասին պնդումը համարել է չափազանցված և մանիպուլյատիվ՝ ընդգծելով, որ այդ թիվը ներառում է նաև ծառայության հետ կապ չունեցող դեպքերը։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը