TRIPP նախագծի գործնական փուլն ու Սահմանադրության փոփոխության անհրաժեշտությունը. վարչապետի հայտարարությունները ԱԺ-ում
TRIPP նախագծի իրականացման գործնական փուլ ենք մտնում, և այդ գործնական փուլի կարևոր հանգրվաններից են լինելու, մասնավորապես, սահմանի հարավային հատվածում սահմանազատումն ու սահմանագծումը, որոնք անհրաժեշտ են կոմունիկացիաների համար,- Ազգային-ժողով կառավարություն հարցուպատասխանի ընթացքում էլ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա շեշտել է, որ Դուբլինում կայացած հանդիպման ընթացքում Ալիևի հետ վերահաստատել են նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Անդրադառնալով՝ սահմանադրական փոփոխությունների իշխանական օրակարգին՝ Փաշինյանը նշել է, որ ընտրությունն այն է, թե արդյո՞ք մենք կունենանք երկարակյաց պետություն, թե՞ ոչ։ Նրա համոզմամբ՝ գործող մայր օրենքը ձևավորվել է հակամարտությունը սպասարկելու տրամաբանությամբ, իսկ նորը միտված կլինի խաղաղությանը:
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի ԱԳ նախարար Յոհան Վադեֆուլին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի ԱԳ նախարար Յոհան Վադեֆուլի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-գերմանական հարաբերությունների զարգացումը, ՀՀ-ԵՄ համագործակցությունը, ժողովրդավարական բարեփոխումներն ու կանաչ էներգետիկայի ոլորտում հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել նաև հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին և տարածաշրջանային զարգացումներին։
ՍԱՏՄ-ն պարզաբանում է Ամանորին ընդառաջ սահմանային ստուգումների կարգը
Ամանորին ընդառաջ՝ սահմանին սննդամթերքի ստուգումները խստացնելու անհրաժեշտությունը օրերս քննարկվել է Հայաստանի և Վրաստանի ոլորտային պատասխանատուների՝ Թբիլիսիում կայացած հանդիպմանը։ Ի՞նչ է փոխվելու ներմուծողների ու արտահանողների համար։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից պարզաբանում են՝ ստուգման ընթացակարգերը նույնն են տարվա բոլոր ամիսներին։ Տոնական շրջանում սպասվող բեռնահոսքի ավելացման պայմաններում էլ ավելի ուշադիր են լինելու դրանց նկատմամբ։
Պուտինը, Թրամփն ու Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին Շենժենում եռակողմ հանդիպում կանցկացնեն
Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը ողջունել են միմյանց եվ կարճ, ոչ պաշտոնական զրույց ունեցել։ Հիշեցնենք 3 առաջնորդները նոյեմբերի 19-ին Չինաստանի Շենժեն քաղաքում կայանալիք եռակողմ հանդիպման ընթացքում կքննարկեն համաշխարհային խաղաղությանը վերաբերող հարցեր։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը : «Երեք պետության ղեկավարները խորը մտքեր կփոխանակեն համաշխարհային խաղաղությանը վերաբերող կարևոր հարցերի շուրջ», - ասել է նա ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով առաջիկա եռակողմ գագաթնաժողովի օրակարգը։
Պաշտպանության նախարարը Բրյուսելում մասնակցել է Շումանի անվտանգության և պաշտպանության համաժողովին
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բրյուսելում մասնակցել է Շումանի անվտանգության և պաշտպանության համաժողովի բացման արարողությանը, ինչպես նաև պանելային քննարկումների՝ համընդհանուր անվտանգության, խաղաղապահության և այլ հարցերի վերաբերյալ:
53 հայկական ընկերություն գրանցվել է ԵՄ անմաքս արտահանման REX համակարգում. Գևորգ Պապոյան
Եվրոպական միություն արտահանելու համար կարևոր է ոչ թե արտադրողի չափը, այլ արտադրանքի որակը։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ արտահանման հնարավորությունները հավասարապես հասանելի են խոշոր, միջին և փոքր արտադրողներին։ Նրա տեղեկացմամբ՝ արդեն 53 հայկական ընկերություն գրանցվել է արտահանման REX համակարգում և օգտվում է անմաքս արտահանման հնարավորությունից։ Նախարարը նշել է, որ որոշ ընկերություններ չեն կարողանում արտահանել իրենց արտադրանքը, քանի որ այն չի համապատասխանում եվրոպական որակի չափանիշներին։
Հայտնի են 2027 թվականի ձմեռային զորակոչի և զորացրման նախնական ժամկետները
Հայաստանում 2027 թվականի ձմեռային զորակոչը կանցկացվի հունվարի 7-ից փետրվարի 12-ը։ Հայտնի են նաև պարտադիր զինվորական ծառայությունն ավարտած զինծառայողների զորացրման ժամկետները։ Այն կմեկնարկի հունվարի 7-ին և կշարունակվի մինչև հունվարի 31-ը ներառյալ։ Այս ժամկետները սահմանող նախագիծը ներառված է կառավարության նոյեմբերի 19-ի նիստի օրակարգում։ Որոշումը դեռ պետք է հաստատվի կառավարության կողմից։
Կխստացվեն տուգանքներն ու բալային պատժամիջոցները մի շարք ճանապարհային խախտումների համար
Ճանապարհային երթևեկության մի շարք խախտումների համար կբարձրանան տուգանքներն ու կավելանան տուգանային միավորները։ Մասնավորապես՝ արգելված վայրում կամ երկրորդ շարքում կայանելու համար վարորդը կտուգանվի 20 հազար դրամով և կզրկվի մեկ տուգանային միավորից։ Մեքենայի տարհանման համար տուգանքը կկազմի 29 հազար դրամ, իսկ վարորդի հաշվից կհանվի 1,5 միավոր։ Խստացվում են նաև մինչև 12 տարեկան երեխաներին տեղափոխելու կանոնների խախտումների համար սահմանված պատժամիջոցները։ Այս դեպքերում ևս նախատեսվում է 20 հազար դրամ տուգանք և մեկ տուգանային միավորի հանում։ Փոփոխությունների նպատակն է կարգավորել երթևեկությունը, նվազեցնել խախտումներն ու բարձրացնել ճանապարհային անվտանգությունը։


