ABNews

Նոյեմբերի 18-ի բիզնես լուրերը

Լուրեր | 2026/11/18 19:19

Նոյեմբերի 18-ի բիզնես լուրերը

Տեղական

Գործարկվել է «Ուսուցչի ԱԲ ուղեցույց» հայալեզու պորտալը

Այն օգնում է դասավանդողներին կողմնորոշվել արհեստական բանականության գործիքների բազմազանության մեջ և ընտրել ուսումնական ծրագրին համապատասխան գործիքակազմ։ Պորտալում ներկայացված 65 ԱԲ գործիքները խմբավորված են 10 բաժիններում՝ ըստ ուսումնական նպատակների և խնդիրների, և կան ավելի քան 100 արդյունավետ հրահանգների օրինակներ։

Իրանի փոխնախագահի հետ քննարկվել է էներգետիկայի ոլորտում Հայաստան-Իրան համագործակցության օրակարգը

Հայաստանի և Իրանի միջև էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտում համագործակցության ընդլայնման հարցերն են քննարկվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի՝ Իրան կատարած աշխատանքային այցի ընթացքում: Կողմերը կարևորել են հայ-իրանական միջկառավարական նիստի արդյունքների և փոխըմբռնման հուշագրի գործնական իրագործումը:

ԵԱՏՄ-ն ԵՄ-ով փոխարինելու խնդիր չկա. Էկոնոմիկայի նախարարը՝ արտահանման շուկաների և առաջնահերթությունների մասին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ Հայաստանը նպատակ չունի ԵԱՏՄ-ն փոխարինել ԵՄ-ով, այլ ձգտում է մեծացնել հայկական ապրանքների վաճառքն ու արտահանման ծավալները բոլոր հնարավոր շուկաներում՝ ԵՄ-ում, ԵԱՏՄ-ում, Մերձավոր Արևելքում, ԱՄՆ-ում, Չինաստանում ու Հնդկաստանում։

Բենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվել

Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են բենզալցակայանների գործունեությունը կարգավորող իրավական դաշտի և քաղաքաշինական նորմերի արդիականացման հարցեր։ Անդրադարձ է կատարվել բնակելի ու հասարակական շենքերից լցակայանների հեռավորությանը, հողամասերի մակերեսի պահանջներին և միջազգային փորձին։

2026թ.-ի սեպտեմբերին բազմաբնակարան շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների թիվը Հայաստանում կազմել է 2496

2026թ.-ի սեպտեմբերի դրությամբ բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ իրականացված առուվաճառքի գործարքների թիվը ըստ ՀՀ մարզերի և Երևան քաղաքի կազմել է 2,496: Երևանում իրականացվել է 1,650 առուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 66․1%-ը:

Միջազգային

Comex բորսայում ոսկու ֆյուչերսի գինը 2025-ի սեպտեմբերից ի վեր առաջին անգամ իջել է 3800 դոլարի շեմից ցածր

Նյու Յորքի Comex ապրանքային բորսայում 2026 թվականի դեկտեմբերին մատակարարվող ոսկու ֆյուչերսների գինը նվազել է՝ 2025 թվականի սեպտեմբերի 29-ից ի վեր առաջին անգամ իջնելով մեկ տրոյական ունցիայի դիմաց 3 800 դոլարի նշագծից ցածր։

Կանադան հայտարարել է Ուկրաինային 155 միլիոն կանադական դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի մասին

Կանադան Ուկրաինային ռազմական աջակցության նպատակով լրացուցիչ 155 միլիոն կանադական դոլար կտրամադրի։ Միջոցներն ուղղվելու են զինամթերքի, հակաօդային պաշտպանության սենսորային համակարգերի ձեռքբերմանը, ինչպես նաև ձմեռային սեզոնին ընդառաջ ուկրաինական զորքերի թիկունքային ապահովմանը։

Չինաստանում մեքենաների վաճառքը նվազում է

Հոկտեմբերին երկրում մարդատար ավտոմեքենաների մանրածախ վաճառքը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել է 27%-ով՝ կազմելով 1,64 մլն մեքենա, մինչդեռ Չինաստանի ավտոարտահանումը հակառակ միտումն ունի՝ արտահանվել է 932 հազար մեքենա (տարեկան կտրվածքով 68%-ով ավելի)։

ԱՄՆ-ն հետաքննում է Nvidia-ի չիպերի՝ Չինաստան մատակարարումները

ԱՄՆ իշխանությունները հետաքննում են Սինգապուրում գրանցված Megaspeed ընկերության գործունեությունը։ Կասկածներ կան, որ ընկերությունը կարող էր շրջանցել ամերիկյան արտահանման սահմանափակումները՝ նպաստելով Nvidia-ի առաջադեմ չիպերի մատակարարմանը Չինաստան։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը