ABNews

Նոյեմբերի 13-ի կարևոր լուրերը

Լուրեր | 2026/11/13 23:24

Նոյեմբերի 13-ի կարևոր լուրերը

Bullet Փաշինյան-Ալիև հանդիպումը Դուբլինում. Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Իլհամ Ալիևի հետ։ Ղեկավարները մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ՝ հիմնվելով 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովի արդյունքների և դրա շրջանակում ստորագրված Վաշինգտոնյան համատեղ հռչակագրի վրա։ Քննարկվել են նաև խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված գործնական քայլերը, այդ թվում՝ տրանսպորտային և տարանցիկ կապերի զարգացումը, տնտեսական ու առևտրային հարաբերությունները, սահմանազատումը, ինչպես նաև վստահության ամրապնդման միջոցառումների իրականացումը։ Այս համատեքստում ղեկավարներն անդրադարձել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) ծրագրի զարգացման ընթացքին, մասնավորապես՝ երկաթուղային և ճանապարհային բաղադրիչների պլանավորմանն ու նախագծմանը, ինչպես նաև այդ երթուղով տարանցիկ կապերի հեռանկարներին։ Որպես դրական զարգացում՝ ընդգծվել է Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան և Հայաստանից ապրանքների տարանցումը։

Bullet Հարված Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին. Ուկրաինական հարվածային անօդաչու թռչող սարքերը խոցել են Ռուսաստանի Վոլգոգրադի մարզում գտնվող «Լուկօյլ» ընկերության նավթավերամշակման գործարանը։ Նշվում է, որ օբյեկտի արդյունաբերական գոտու տարածքում հրդեհ է բռնկվել։

Bullet Իրանի պատասխան հարվածը Բահրեյնում. Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է, որ հարված է հասցվել Բահրեյնում տեղակայված ամերիկյան վաղ նախազգուշացման ռադիոլոկացիոն կայանին։ Հարձակումը պատասխան էր Հորմուզի նեղուցի ափին գտնվող Հորմոզգան նահանգի Սիրիկ քաղաքի հեռահաղորդակցության աշտարակին հասցված հարվածին։ Կորպուսում այս գործողությունը որակել են որպես նախազգուշական քայլ հակառակորդի համար՝ պահանջելով դադարեցնել օդային սադրանքներն ու Հորմուզի նեղուցով նավթի մաքսանենգ փոխադրումը։ Նշվել է նաև, որ նոր խախտումների և ագրեսիայի դեպքում ԻՀՊԿ օդատիեզերական ուժերը պատրաստ են գործել առանց սահմանափակումների։

Bullet Թրամփի հայտարարությունը Իրանի վերաբերյալ. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան, Կատարը և Պարսից ծոցի այլ երկրներ խնդրել են իրեն զերծ մնալ Իրանի դեմ հետագա լայնածավալ հարձակումներից և ռազմական գործողությունները փոխարինել տնտեսական պատժամիջոցներով։

Bullet Աշխատանքներ հայ-թուրքական սահմանի երկաթուղու հատվածում. Թուրքիայի Աքյաքա շրջանի ղեկավար Իսմայիլ Դեմիրթաշը Կարսի նահանգային ընդհանուր խորհրդի նախագահի հետ այցելել է Հայաստան-Թուրքիա սահմանին գտնվող երկաթուղու հատված և տեղում ծանոթացել ընթացող աշխատանքներին։ Նա շինարարությունն իրականացնող ընկերության ներկայացուցչից տեղեկություններ է ստացել աշխատանքների ներկա վիճակի և ծրագրի ընթացքի մասին, ինչպես նաև քննարկումներ ունեցել պատասխանատուների հետ։ Ակնկալվում է, որ երկաթուղային գծի շահագործումը զգալիորեն կնպաստի Աքյաքայի առևտրի, տնտեսության և տրանսպորտային հաղորդակցության զարգացմանը։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը