Տեղական լուրեր
Եվրոպական առաջնորդները վերահաստատել են աջակցությունը Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացմանը
Դուբլինում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանին աջակցության հիմնական խմբի ու ԵՄ ներկայացուցիչների հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարությամբ՝ եվրոպական գործընկերները պարտավորվել են աջակցել Հայաստանի առևտրային և էներգետիկ դիվերսիֆիկացմանը՝ արտաքին տնտեսական ճնշումների ազդեցությունը մեղմելու նպատակով:
Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու շինաշխատանքները
Աքյաքայի սահմանային անցակետի հատվածում շարունակվում են երկաթուղային գծի վերականգնման աշխատանքները, ինչն ակնկալվում է, որ շահագործման հանձնելուց հետո կխթանի տարածաշրջանային առևտուրն ու տրանսպորտային հաղորդակցությունը:
Կստեղծվի անշարժ գույքի հասցեների միասնական էլեկտրոնային բազա
Նոր կարգավորումներով ստեղծվում է հասցեների միասնական պաշտոնական տեղեկատվական բազա, որը թույլ կտա պետական ռեգիստրի և լիազոր մարմինների նախաձեռնությամբ շտկել գրանցված անշարժ գույքերի հասցեների անհամապատասխանությունները՝ առանց քաղաքացիների համար լրացուցիչ ֆինանսական բեռի:
Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար կհատկացվի մոտ 45 մլն եվրո
Կենտրոնը «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքով արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին կմատուցի միջազգային չափանիշներին համապատասխան ծառայություններ՝ արագացնելով մաքսային գործընթացները:
Աջակցություն խաղողագործներին՝ Վայոց ձորի «Արենի» տեսակի խաղողի մթերման համար
Վայոց ձորի մարզից առնվազն 800 տոննա «Արենի» տեսակի խաղող մթերող (1 կգ-ի դիմաց վճարելով նվազագույնը 210 դրամ) տնտեսվարողներին կտրամադրվի 70 դրամ սուբսիդավորում յուրաքանչյուր 1 կգ-ի համար (չի տարածվում սեփական կամ օգտագործման իրավունքով պատկանող հողատարածքներից մթերված բերքի վրա):
Միջազգային լուրեր
Ամբողջ աշխարհում կրկին խափանվել են Microsoft-ի ծառայությունները
Անհաջող տեխնիկական թարմացման հետևանքով առաջացած մասշտաբային խափանումը խաթարել է կորպորատիվ հաղորդակցությունը, ինչպես նաև Ավստրալիայի հակահետախուզական ծառայության և դաշնային ոստիկանության աշխատանքը:
Էստոնիան Ուկրաինային 6.5 մլն եվրոյի լրացուցիչ օգնություն կհատկացնի
Ֆինանսական փաթեթը կուղղվի Ուկրաինայի տրանսպորտային-լոգիստիկ կարողությունների պահպանմանը, երկաթուղային շարժակազմի մատակարարմանն ու ենթակառուցվածքների վերականգնմանը:
ԵՄ խորհուրդը և Եվրախորհրդարանը համաձայնության են եկել 2027 թ. բյուջեի շուրջ
Համաձայնագրով նախատեսվում է 199.7 մլրդ եվրո բյուջետային պարտավորություններ, 211.5 մլրդ եվրո փաստացի վճարումներ և 710.1 մլն եվրո պահուստ՝ չնախատեսված կարիքներին արագ արձագանքելու համար:
Մեծ Բրիտանիայում գնաճը մինչև 2030 թ. չի վերադառնա 2% նպատակային մակարդակին
Անգլիայի բանկի գնահատմամբ՝ գնաճի վերադարձը 2%-ի կձգձգվի մինչև 2030 թվականը, միաժամանակ 2026 թ. ՀՆԱ-ի աճի կանխատեսումը 1.1%-ից բարձրացվել է 1.6%-ի՝ պետական ծախսերի և ԱԲ ոլորտում ներդրումների աճի հաշվին:


