ABNews

Հարկային վարչարարության նոր կանոններ. ի՞նչ է փոխվում տնտեսվարողների համար

Լուրեր | 2026/11/27 11:41

Հարկային վարչարարության նոր կանոններ. ի՞նչ է փոխվում տնտեսվարողների համար

Հարկային վարչարարության բարելավման շրջանակում փոփոխություններ են կատարվել Հայաստանի Հանրապետության հարկային, քրեական և քրեական դատավարության օրենսգրքերում։ Այդ մասին հայտնում են ՊԵԿ-ից:

Նոր կարգավորումները միտված են ընդլայնելու հարկ վճարողի՝ լսված լինելու հնարավորությունները, նվազեցնելու համեմատաբար փոքր չափերի հարկային խախտումների անհամաչափ քրեականացումը, հստակեցնելու հանցանքի վերաբերյալ հաղորդում ներկայացնելու ընթացակարգերը և տնտեսավարողների համար ստեղծելու գույքի արգելադրման ավելի ճկուն այլընտրանքներ։

Ապահովման այլընտրանքային միջոցներ

Ընդլայնվել է որպես ապահովման միջոց կիրառվող գույքի և ֆինանսական գործիքների շրջանակը՝ ներառելով արժեթղթեր, այդ թվում՝ պարտատոմսեր, ինչպես նաև գույքային իրավունքներ և դրամական շուկայի գործիքներ համարվող կարճաժամկետ պարտատոմսեր:

Ավելի ճկուն հսկողություն

Հստակեցվել են թեմատիկ ուսումնասիրությունների իրականացման պայմանները, կատարելագործվել հարկային հսկողության մեխանիզմները։ Նոր կարգավորումները հնարավորություն են տալիս հարկային մարմնին առավել արագ արձագանքել բացահայտված ռիսկերին և անհրաժեշտության դեպքում կիրառել համապատասխան հսկողական գործիքներ:

Լսված լինելու հնարավորության ընդլայնում

Հարկային մարմնում առկա կամ այլ աղբյուրներից ստացված տեղեկությունների հիման վրա իրականացվում է կամերալ ուսումնասիրություն, որի վերաբերյալ հարկ վճարողը կարող է ներկայացնել բացատրություններ, ապացույցներ և դիրքորոշում:

Ուսումնասիրության արդյունքների հետ համաձայնելու և ճշտված հաշվարկ ներկայացնելու դեպքում հարկային մարմինը հետագա գործողություններ չի իրականացնում։ Հանցանքի վերաբերյալ հաղորդումը ներկայացվում է հարկային պարտավորության հարցը վերջնականապես պարզելուց հետո:

Սահմանված շեմերից ցածր դեպքերը չեն համարվում հանցագործություն

Նոր կարգավորմամբ բարձրացված շեմերից ցածր հարկեր չվճարելու դեպքերը դուրս են մնում քրեական պատասխանատվության շրջանակից:

Փոփոխությունները վերաբերում են նաև արդեն ընթացքի մեջ գտնվող քրեական վարույթներին։ Օրենքով նախատեսված պայմանների առկայության դեպքում ապաքրեականացված արարքների մասով հնարավոր կլինի դադարեցնել քրեական հետապնդումը և կարճել քրեական վարույթը:

Բարձրացվել են քրեական պատասխանատվության շեմերը

Հարկերը չվճարելու դեպքում վերանայվել են քրեական պատասխանատվության խոշոր և առանձնապես խոշոր չափերը:

Սահմանվել է՝

խոշոր չափ՝ մեկ հարկային տարում 30 միլիոն դրամը, իսկ իրար հաջորդող երկու հարկային տարիներում՝ 45 միլիոն դրամը գերազանցող հարկերը չվճարելու դեպքերը՝ նախկին 10 միլիոն դրամի փոխարեն

առանձնապես խոշոր չափ՝ մեկ հարկային տարում 50 միլիոն դրամը, իսկ իրար հաջորդող երկու հարկային տարիներում՝ 75 միլիոն դրամը գերազանցող դեպքերը՝ նախկին 20 միլիոն դրամի փոխարեն:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը