Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ մայիսի 25-ին տեղի է ունեցել միջգերատեսչական խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել է Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարության ու 2025-2027 թվականների գործողությունների ծրագրի ընթացքը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Նիստին մասնակցել են ՆԳՆ ղեկավար կազմը, միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամները և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Իրականացման տեմպերն ու գերատեսչական պատասխանատվությունը Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ ռազմավարությունն առաջին անգամ մեկտեղում է հանրային անվտանգության և հանրային առողջապահության բաղադրիչները: Չնայած մի շարք ուղղություններով արձանագրված առաջընթացին՝ նախարարը միջոցառումների իրականացման տեմպերը գնահատել է ոչ գոհացուցիչ՝ շեշտելով բովանդակության ամբողջ ծավալով կատարման անհրաժեշտությունը։ Նա պահանջել է հստակեցնել յուրաքանչյուր գերատեսչությունից ակնկալվող արդյունքներն ըստ լուծման ուղղությունների:
Խորհրդի նիստում հատուկ անդրադարձ է կատարվել հասարակական կազմակերպությունների դերին. նշվել է, որ սահմանված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է ՀԿ-ների բարձր նախաձեռնողականություն։
Իրազեկման ձևաչափերի վերանայում Արձանագրվել է, որ բնակչության իրազեկման ընթացիկ միջոցառումները դեռևս լիարժեք չեն համապատասխանում ռազմավարության պահանջներին։ Նախարարի հանձնարարականով՝ իրազեկման ձևաչափերը պետք է վերանայվեն՝ դրանք դարձնելով բազմաշերտ, գործնական և հասանելի տարբեր թիրախային խմբերի, այդ թվում՝ զինված ուժերի ու փակ հաստատությունների համար: Այս ուղղությամբ նախատեսվում է ՆԳՆ-ի, Առողջապահության և ԿԳՄՍ նախարարությունների համատեղ աշխատանքը:
Իրազեկման մեթոդաբանության մշակման գործընթացում կներգրավվի մասնագիտական ներուժ, մասնավորապես՝ հոգեբաններ, որոնց աշխատանքի համար սահմանվել է կոնկրետ վերջնաժամկետ։
Վիճակագրական վերլուծություն և նյութատեխնիկական համալրում Խորհուրդը որոշում է կայացրել իրականացնել թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ 2025-2026 թվականների քրեական վարույթների վիճակագրական պատկերի ամփոփ վերլուծություն՝ դրանց արդյունավետությունը գնահատելու նպատակով: Այս հանձնարարականի համար նույնպես սահմանվել է կատարման վերջնաժամկետ։ Նիստի ընթացքում քննարկվել են նաև իրավապահ մարմինների նյութատեխնիկական համալրվածությանն առնչվող հարցեր։

