NASA-ն սկսել է 50-ժամյա հետհաշվարկը «Artemis II» պիլոտավորվող լուսնային առաքելության մեկնարկից առաջ։
Գործակալության տվյալներով՝ արձակումը նախատեսված է ապրիլի 1-ին՝ ԱՄՆ Արևելյան ափի ժամանակով ժամը 18:24-ին (ապրիլի 2-ին՝ ժամը 02:24՝ Երևանի ժամանակով)։
Արձակման տնօրեն Չարլի Բլեքուել-Թոմփսոնը նշել է, որ թիմը ավարտել է նախապատրաստական հիմնական աշխատանքները, և ընթացիկ վիճակը գնահատվում է բավարար մեկնարկի համար։
SLS կրող հրթիռը Orion տիեզերանավի հետ տեղադրվել է Քենեդիի անվան տիեզերական կենտրոնի 39A արձակման հարթակում դեռևս մարտի 20-ին։
Ներկայիս կանխատեսմամբ՝ եղանակային պայմանները 80% հավանականությամբ նպաստավոր են արձակման համար։
«Artemis II»-ը NASA-ի ծրագրի առաջին պիլոտավորվող թռիչքն է դեպի Լուսին վերջին տասնամյակներում։ Առաքելության շրջանակում Orion տիեզերանավը մեկ պտույտ կկատարի Լուսնի շուրջը և կվերադառնա Երկիր։
Անձնակազմում ընդգրկված են NASA-ի տիեզերագնացներ Ռեյդ Ուայզմանը, Վիկտոր Գլովերը, Քրիստինա Կոխը և Կանադայի տիեզերական գործակալության ներկայացուցիչ Ջերեմի Հանսենը։
Թռիչքը նախատեսված է 10 օր տևողությամբ, իսկ վայրէջքը նախատեսվում է Խաղաղ օվկիանոսում։
Առաքելությունը հանդիսանում է հաջորդ փուլը Լուսնի հետազոտության ծրագրում և հիմք է ստեղծում հետագա պիլոտավորվող վայրէջքների համար։

