ABNews

Մասկը մարտահրավեր է նետում տելեկոմ հսկաներին. SpaceX-ը նախատեսում է ստեղծել Starlink-ի սեփական բջջային ցանցը ԱՄՆ-ում

Լուրեր | 2026/06/26 16:14

Մասկը մարտահրավեր է նետում տելեկոմ հսկաներին. SpaceX-ը նախատեսում է ստեղծել Starlink-ի սեփական բջջային ցանցը ԱՄՆ-ում

Իլոն Մասկի SpaceX ընկերությունը դիտարկում է ԱՄՆ սպառողական շուկայում Starlink բրենդի ներքո սեփական մանրածախ բջջային կապի ծառայությունների գործարկման հնարավորությունը: Այս մասին հայտնում է հեղինակավոր Financial Times պարբերականը։

Ըստ թերթի տեղեկությունների՝ SpaceX-ի նախագահ և օպերատիվ տնօրեն Գվին Շոթվելը, ընկերության պատմական բորսայական մուտքի (IPO) շրջանակում ներդրողների համար վերջերս անցկացված ռոուդ-շոուի (Roadshow) ժամանակ, հայտարարել է, որ ընկերությունը ցանկանում է դուրս գալ պարզապես գործընկերային մոդելներից և կառուցել սեփական վերերկրյա բջջային աշտարակների ցանցը ԱՄՆ-ում։ Այս քայլով SpaceX-ը կարող է ուղղակի կոնկուրենցիայի մեջ մտնել ամերիկյան տելեկոմի «Մեծ եռյակի»՝ AT&T-ի, Verizon-ի և T-Mobile-ի հետ:

Տիեզերքի և երկրի համակցումը

Ներկայումս ընկրությունը բջջային օպերատորների հետ աշխատում է հիմնականում B2B (Business-to-Business) ձևաչափով։ Օրինակ՝ T-Mobile-ի հետ գործընկերությամբ առաջարկվում է Direct-to-Cell տեխնոլոգիան՝ ուղիղ միացում տիեզերքից, որն ապահովում է լրացուցիչ ծածկույթ հեռավոր և անհասանելի շրջաններում։ Սակայն նոր ռազմավարությունը նախատեսում է սեփական վերերկրյա աշտարակների կառուցում, որոնք կաշխատեն արբանյակային համաստեղության հետ սինխրոն՝ հաճախորդներին առաջարկելով ամբողջական բջջային փաթեթներ և պայմանագրեր:

Այս ամբիցիոզ էքսպանսիայի հիմքը դրվել էր դեռևս նախորդ տարվա աշնանը, երբ SpaceXEchoStar ընկերությունից շուրջ 17 միլիարդ դոլարով (և լրացուցիչ 2.6 միլիարդ դոլարով նոյեմբերին) ձեռք բերեց անլար սպեկտրի (AWS-4 և H-block հաճախականությունների) օգտագործման բացառիկ լիցենզիաները։ Գործարքը SpaceX-ին հնարավորություն տվեց տնօրինել սեփական ռադիոալիքները և ավելի քան 100 անգամ մեծացնել իր ուղիղ բջջային ցանցի թողունակությունը՝ չսահմանափակվելով միայն այլ օպերատորների հաճախականությունների վարձակալությամբ։

Պատմության ամենախոշոր կոմերցիոն ընդլայնումը

Այսօր Starlink-ի արբանյակային ինտերնետն ամբողջ աշխարհում արդեն ունի ավելի քան 10 միլիոն ակտիվ բաժանորդ։ Շուկայի փորձագետները բջջային կապի սպառողական շուկա (Retail mobile contracts) մուտք գործելու ծրագրերը համարում են ընկերության պատմության ամենախոշոր տնտեսական շրջադարձերից մեկը։ Դա թույլ կտա SpaceX-ին IPO-ից հետո էականորեն բարձրացնել իր կապիտալիզացիան և ուղիղ հասանելիություն ստանալ միլիարդավոր դոլարներ արժեցող ամերիկյան տելեկոմունիկացիոն շուկային։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը