Մոսկվայում հայտարարվել է եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ

Վատ տեսանելիության պատճառով Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել է շուրջ 50 չվերթ։

Մոսկվայում և Մոսկվայի մարզում առատ ձյան, մերկասառույցի և ուժեղ քամու պատճառով հայտարարվել է եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ։

Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։

Ձնաբքի հետևանքով տապալվել են բազմաթիվ ծառեր, վնասվել են ավտոմեքենաներ։

Վատ տեսանելիության պատճառով Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել է շուրջ 50 չվերթ։

Բացի այդ, Մոսկվայի մարզի գրեթե հինգ տասնյակ բնակավայրերում գրանցվել են էլեկտրամատակարարման խափանումներ։

Օդերևութաբանները կանխատեսում են, որ առաջիկա մեկ օրվա ընթացքում կշարունակվեն ձյունն ու ձնախառն անձրևը։

Մինչև կեսգիշեր սպասվում է մինչև 10 մմ տեղում։

Եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակը կպահպանվի մինչև ապրիլի 28-ի ժամը 03:00-ն։