ABNews

Որքան ժամանակից ավելի քնելն է կապված վաղաժամ մահվան հետ․ գիտնականների բացահայտումը

Լուրեր | 2026/05/29 18:52

Որքան ժամանակից ավելի քնելն է կապված վաղաժամ մահվան հետ․ գիտնականների բացահայտումը

Որքա՞ն պետք է քնել ամեն գիշեր: Սա այն հավերժական հարցերից է, որի պատասխանը քչերին է գոհացնում. չէ՞ որ մեր քրոնիկ հոգնած ու անքուն ուղեղը հստակ հուշում է, որ մենք բավարար չափով չենք հանգստանում:

Futurism-ի վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ գոյություն ունի նաև «չափից շատ» քնելու խնդիր։ Nature ամսագրում հրապարակված գիտական հոդվածում մասնագետները մատնանշել են քնի այն իդեալական տևողությունը («քաղցր կետը»), որը կազմում է գիշերական 6,4-ից 7,8 ժամ։ Պարզվել է, որ այս սահմաններից թե՛ դեպի պակաս, և թե՛ դեպի ավել ցանկացած շեղում կապված է օրգանիզմի արագացված ծերացման հետ։

Այս բացահայտումը կոտրում է ձևավորված այն կարծրատիպը, թե յուրաքանչյուր մարդ պետք է քնի առնվազն 8 ժամ։ Այն հակասում է նաև նախկինում արված որոշ հետազոտությունների, համաձայն որոնց՝ 7 ժամից պակաս քունը մեծացնում է առողջական խնդիրների՝ մասնավորապես բարձր արյան ճնշման և սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկը։

«Չափից քիչ քունը վատ է, բայց չափից շատն էլ լավ չէ։ Սա յուրօրինակ "ոսկե միջինի" (Գոլդիլոքսի էֆեկտի) դրսևորում է», — նշում է Մարկ Լաքսը՝ Weill Cornell Medicine-ի և New York-Presbyterian հիվանդանոցի տարեցների բժշկության (գերիատրիայի) բաժանմունքի փոխվարիչը, ով, սակայն, չի մասնակցել այս հետազոտությանը։

Գենետիկա, թե՞ սովորություն

Քնի օպտիմալ քանակը մեծապես անհատական է. ոմանց բավական է ընդամենը 6 ժամ, իսկ մյուսներին անհրաժեշտ է հաստատուն 9 ժամ: Բնակչության չնչին մասին՝ 1%-ից էլ քչերին, հաջողվում է լիարժեք կենսագործունեություն ապահովել օրական ընդամենը 4 ժամ քնելով՝ առանց առողջությանը վնասելու: Գիտնականները դեռ փորձում են հասկանալ այս ֆենոմենի պատճառը. ներկայումս ուսումնասիրությունները կենտրոնացած են մի գենային մուտացիայի վրա, որը կարգավորում է քնի հորմոնի՝ օրեքսինի արտադրությունը (ինչևիցե, մենք հաստատ նախանձում ենք նրանց)։

Ինչպե՞ս է կատարվել հետազոտությունը

Այս աշխատանքի շրջանակներում հետազոտողները վերլուծել են Մեծ Բրիտանիայի Բիոբանկի (UK Biobank) երկարամյա ծրագրին մասնակցած 500,000 կամավորների կենսաբժշկական տվյալները: Նպատակն էր ստեղծել մարդու ներքին օրգանների ծերացման կենսաբանական «ժամացույց»: Նրանք մանրակրկիտ ուսումնասիրել են մասնակիցների՝

  • քնի տևողության վերաբերյալ անձնական տվյալները,

  • օրգանների ՄՌՏ (MRI) պատկերները,

  • արյան պլազմայի և նյութափոխանակության (մետաբոլիզմի) ցուցանիշները։

«Մեր վարկածն այն է, որ տարբեր օրգաններ, նույնիսկ միևնույն օրգանիզմի ներսում, ծերանում են տարբեր արագությամբ», — պարզաբանում է Կոլումբիայի համալսարանի ռադիոլոգիայի դոցենտ Ջունհաո Վենը։

«U-աձև» կախվածությունը

Տվյալների վերլուծությունը ցույց է տվել U-աձև կորի օրինաչափություն քնի տևողության և կենսաբանական տարիքի միջև: Իդեալական սահմանից (6,4–7,8 ժամ) չնչին շեղումները կապված են եղել դանդաղ ծերացման, իսկ մեծ շեղումները՝ արագացված ծերացման հետ։

Գրաֆիկի երկու բևեռներն էլ մտահոգիչ արդյունքներ են ցույց տվել.

  • 6 ժամից պակաս քունը կապված է հիվանդությունների զարգացման և վաղաժամ մահացության բարձր ռիսկի հետ (ինչն ավելի ցածր նշագիծ է, քան նախորդ հետազոտություններում սահմանված 7-ժամյա նվազագույնը):

  • 8 ժամից ավելի քունը, զարմանալիորեն, նույնպես հանգեցրել է նմանատիպ բացասական հետևանքների և օրգանիզմի մաշվածության:

Հետազոտության սահմանափակումները

Այնուամենայնիվ, այս գիտական աշխատանքն ունի որոշակի սահմանափակումներ: Մեծ Բրիտանիայի Բիոբանկի տվյալները հիմնականում վերաբերում են սպիտակամորթ եվրոպացիներին: Բացի այդ, գիտնականները նշում են, որ եթե կարճատև քնի վնասակարությունն ակնհայտ է, ապա երկարատև քնի պարագայում կապը կարող է հակառակը լինել: Հնարավոր է՝ ոչ թե երկար քնելն է պատճառ դառնում վատ առողջության, այլ հակառակը՝ արդեն իսկ առկա թաքնված հիվանդությունները կամ դեպրեսիան ստիպում են մարդուն սովորականից ավելի երկար մնալ անկողնում:

Ամենայն հավանականությամբ, ձեզ իրոք անհրաժեշտ է մի փոքր ավելի շատ քնել, բայց, դատելով այս տվյալներից, ոչ այնքան երկար, որքան թվում է:

«Խորհուրդ եմ տալիս այս տվյալներին վերաբերվել որպես ուղեցույց», — The Washington Post-ին տված հարցազրույցում նշել է Վենը: - «Ամենակարևորը քնի կայուն ռեժիմն է՝ օրական մոտ 6-8 ժամ։ Դա միանշանակ դրական կանդրադառնա ձեր ընդհանուր առողջության վրա»։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը