Քաղաքացիները iMessage համակարգի միջոցով շարունակում են ստանալ ՀՀ ՆԳՆ-ի և Ճանապարհային ոստիկանության անունից ուղարկվող կեղծ հաղորդագրություններ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Կիբեռոստիկանությունից:
«Դրանք հիմնականում ուղարկվում են օտարերկրյա հեռախոսահամարներից և պարունակում են պաշտոնական կայքերին նմանակող հղումներ, որոնց միջոցով զեղծարարները փորձում են ձեռք բերել անձնական և բանկային տվյալներ՝ գումար հափշտակելու նպատակով։
Կրկին հորդորում ենք ձեզ՝
Մի՛ բացեք կասկածելի հղումները։
Մի՛ տրամադրեք անձնական և բանկային տվյալներ։
Արգելափակեք ուղարկողին և հաղորդագրությունը նշեք որպես անցանկալի (Spam/Junk)։
Տվյալների փոխանցման կամ կասկածելի գործողությունների դեպքում անմիջապես կապ հաստատեք բանկի հետ և տեղեկացրեք ոստիկանությանը։
Հիշե՛ք․ պետական մարմնի անվանման օգտագործումը չի նշանակում, որ հաղորդագրությունն իրական է։ Տեղեկատվությունը ստուգեք միայն պաշտոնական աղբյուրներով»,- ասվում է հաղորդագրությունում։


