Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմը կարող է դառնալ համաշխարհային տնտեսության ամրության լուրջ փորձություն, իսկ տարբեր ձևերի և մասշտաբների ցնցումները շարունակական բնույթ կկրեն։ Այս մասին հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիևան։
«Այժմ ավելի հաճախակի և ավելի անսպասելի ցնցումների ժամանակներ են։ Շատ դեպքերում մենք չենք կարող կանխատեսել դրանց ճշգրիտ բնույթը։ Սակայն բոլոր դեպքերում կարող ենք ջանքեր գործադրել դրանց նախապատրաստվելու համար», – նշել է նա։
ԱՄՀ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում զարգացումներին և մտահոգված է, որ տարածաշրջանային ճգնաժամը հանգեցնում է մարդկային կորուստների և լայնածավալ տառապանքների։
Գեորգիևայի խոսքով՝ հակամարտության ազդեցությունը կարտացոլվի ապրիլին հրապարակվելիք համաշխարհային տնտեսության նոր կանխատեսման մեջ։
Եթե ճգնաժամը երկարաձգվի, այն կարող է ազդել՝
-
էներգակիրների գների վրա,
-
շուկաների տրամադրությունների,
-
տնտեսական աճի,
-
գնաճի մակարդակի վրա։
Այս իրավիճակը նոր մարտահրավերներ կդնի քաղաքականություն մշակողների առաջ ամբողջ աշխարհում։
«Որքան արագ ավարտվի այս աղետը, այնքան լավ կլինի ամբողջ աշխարհի համար», – եզրափակել է ԱՄՀ ղեկավարը։

