Տեխնոլոգիական հսկա Microsoft-ը հայտարարել է ընդհանուր անձնակազմի մոտ 2.1%-ի կրճատման մասին, ինչը համարժեք է 4800 աշխատատեղի: Որոշումն իրականացվում է տեխնոլոգիական ոլորտում արհեստական բանականության (AI) ներդրմամբ պայմանավորված աշխատանքից ազատումների ընդհանուր ֆոնին, հայտնում է DW-ն։
Արհեստական բանականության ազդեցությունը
Աշխատակիցներին ուղղված պաշտոնական ծառայողական երկտողում Microsoft-ի անձնակազմի գծով տնօրենը հստակեցրել է ընկերության դիրքորոշումը AI-ի վերաբերյալ։ Ըստ Reuters գործակալության՝ տնօրենը նշել է, որ թեև տեխնոլոգիան փոխում է աշխատանքի կատարման մոտեցումները որոշակի առաջադրանքների ավտոմատացման հաշվին, կրճատումներն ուղղակիորեն կապված չեն դրա հետ:
«Ես ուզում եմ նաև հստակորեն նշել, որ այսօր կրճատվող հաստիքները չեն փոխարինվում արհեստական բանականությամբ։ Միաժամանակ, ճիշտ է այն, որ արհեստական բանականությունը փոխում է աշխատանքի կատարման մոտեցումը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ֆինանսական տարվա ավարտ և բորսայի արձագանք
Վերլուծաբանները նկատում են, որ հաստիքների կրճատումը Microsoft-ի համար կրում է պարբերական բնույթ: Ընկերությունը հաճախ է դիմում այս քայլին իր ֆինանսական տարվա վերջին (որն ավարտվում է հունիսին)՝ հաջորդ տարվա ծախսերի պլանավորման շրջանակներում։
Լուրի հրապարակման ֆոնին (հուլիսի 6-ի դրությամբ) բորսայում Microsoft-ի բաժնետոմսերն արձանագրել են թեթևակի անկում՝ էժանանալով 1.5%-ից փոքր-ինչ ավելի։

