ԱՄՆ Սենատի առևտրի կոմիտեն հավանություն է տվել այն օրինագծին, որը նպատակ ունի խստացնել սահմանափակումները չինական կապիտալի մասնակցությամբ ավտոարտադրողների համար։ Նախաձեռնությունն ընդունվելու դեպքում կարող է անդրադառնալ նաև գերմանական Mercedes-Benz ընկերությանը, հաղորդել է Reuters-ը։
Առաջարկվող նորմերի համաձայն՝ ամերիկյան շուկայում գործունեության արգելքը կարող է տարածվել այն ընկերությունների վրա, որոնցում չինացի ներդրողների բաժինը գերազանցում է 15 տոկոսը։ Ինչպես հայտնել է կոմիտեի ղեկավար Թեդ Քրուզը, այս սահմանման տակ է ընկնում նաև Mercedes-Benz-ը՝ հաշվի առնելով չինացի բաժնետերերի գրեթե 20-տոկոսանոց մասնակցությունը։ Միևնույն ժամանակ, նա նշել է, որ փաստաթուղթը լրամշակման կարիք ունի։
Քրուզը նաև հայտնել է, որ փաստաթղթի առանձին դրույթներ աջակցվում են General Motors կոնցեռնի կողմից, որը շահագրգռված է իր բրենդների դիրքերի ամրապնդմամբ։ Սակայն ավտոարտադրողն ընդգծել է, որ խոսքը ոչ թե առանձին խաղացողների հետ մրցակցության մասին է, այլ ամերիկյան արտադրության և ոլորտի գլոբալ մրցունակության աջակցության։
Նախաձեռնության համահեղինակ, սենատոր Բեռնի Մորենոն նշել է, որ ավտոարտադրողները կստանան անցումային շրջան մինչև 2030 թվականը, ինչպես նաև կարող են նախատեսվել հատուկ բացառություններ։ Mercedes-Benz-ն իր հերթին նշել է ԱՄՆ-ում իր գործունեության զգալի ծավալը և հայտարարել օրենսդրության պահանջները հաշվի առնելու պատրաստակամության մասին՝ միաժամանակ պահպանելով աշխատակիցների, գործընկերների և հաճախորդների շահերը։

