Մարտի 11-ի բիզնես լուրերը

Ինչ է կատարվում Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

ՏԵՂԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ

Հուլիսի 1-ից հնարավոր կլինի մոբայլ բանկինգով արգելափակել առցանց վարկի ձևակերպումը

Հուլիսի 1-ից քաղաքացիները կկարողանան իրենց նախաձեռնությամբ մեկ հպումով արգելափակել առցանց եղանակով իրականացվող ֆինանսական գործառնությունները՝ մոբայլ բանկինգով կամ ֆինանսական կազմակերպությունների կայքերով։ Գործիքի միջոցով հնարավոր կլինի արգելափակել առցանց վարկերի ձևակերպումը, ավանդներից կամ խնայողական հաշիվներից ելքագրումները և այլ առցանց գործարքներ։ Ապաարգելափակումը կիրականացվի միայն սպառողի նույնականացումից և ինքնության ստուգումից հետո։

Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվում ռուսական ցորենի երկրորդ խմբաքանակը

Վերջին երեք օրերի ընթացքում ռուսական ցորենի երկրորդ խմբաքանակն է Ադրբեջանից տեղափոխվում Հայաստան։ Բիլաջարի երկաթուղային կայարանից մեկնած 11 վագոնից բաղկացած գնացքով Հայաստան է ուղարկվել 1023 տոննա ռուսական հացահատիկ, որը Վրաստանի տարածքով տարանցմամբ կհասնի Հայաստան։

2018-2025 թվականներին պետությանը վերադարձվել է շուրջ 291.7 մլրդ դրամի գույք

Դատախազության տվյալներով՝ 2018-2025 թվականներին Հայաստանի Հանրապետության և համայնքների սեփականությանը կամ տիրապետմանը վերադարձվել է շուրջ 291 միլիարդ 726 միլիոն դրամի գույք և դրամական միջոց։ Ընդհանուր վերադարձված միջոցների մոտ 65.8%-ը բաժին է ընկնում 2023-2025 թվականներին։

Հայաստանում հունվարին իրականացվել է 3,714 անշարժ գույքի գործարք

2026 թվականի հունվարին Հայաստանում իրականացվել է 3,714 անշարժ գույքի առուվաճառքի գործարք։ Դրանցից 1,529-ը իրականացվել է Երևանում, որը կազմում է ընդհանուր գործարքների 41.2%-ը։

Հեռահաղորդակցության ոլորտի հասույթը կազմել է 12.9 մլրդ դրամ

2026 թվականի հունվարին Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 12.9 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 3%-ով։ Միևնույն ժամանակ հեռուստածրագրերի կազմման և հեռարձակման ոլորտում հասույթը նվազել է 2.3%-ով։


ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ

Պենտագոնը հրաժարվում է Anthropic-ի ԱԲ մոդելներից

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը որոշել է զինված ուժերում չօգտագործել Anthropic ընկերության մշակած արհեստական բանականության մոդելները՝ մատակարարման շղթայի հնարավոր ռիսկերի պատճառով։ Հրահանգվել է դրանք համակարգերից հեռացնել առաջիկա 180 օրվա ընթացքում։

ԵՄ-ն կարող է շարունակել Ուկրաինայի ֆինանսավորումը նույնիսկ վետոյի դեպքում

Politico-ի տվյալներով՝ Եվրամիությունը պատրաստվում է շարունակել Ուկրաինայի ֆինանսավորումը, նույնիսկ եթե Հունգարիան և Սլովակիան վետո դնեն 90 միլիարդ եվրոյի վարկային ծրագրի վրա։

ԷՄԳ-ն կարող է շուկա հանել ռեկորդային ծավալի նավթ

Էներգետիկայի միջազգային գործակալությունը քննարկում է ռազմավարական պահուստներից նավթի ռեկորդային ծավալ հանելու հնարավորությունը՝ զսպելու համար գների աճը Մերձավոր Արևելքում լարվածության պայմաններում։

ԱՄՆ ավիաընկերությունների ծախսերը կավելանան 11.6 մլրդ դոլարով

Իրանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառով ԱՄՆ առաջատար ավիաընկերությունների վառելիքի ծախսերը կարող են աճել մոտ 11.6 մլրդ դոլարով։ Ավիացիոն վառելիքի գինը վերջին օրերին աճել է մոտ 60%-ով։