Փարիզի Լուվրի տնօրեն Լորենս դը Կարն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից՝ թանգարանում տեղի ունեցած աղմկահարույց կողոպուտից չորս ամիս անց։ Փետրվարի 24-ին Ելիսեյան պալատը հայտնել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ընդունել է նրա հրաժարականի դիմումը։
Հայտարարության մեջ նշվում է, որ «աշխարհի խոշորագույն թանգարանին այժմ անհրաժեշտ են նոր, հզոր ազդակներ՝ անվտանգության և արդիականացման կարևոր նախագծեր իրականացնելու համար»։
Տնօրենի հրաժարականը հաջորդել է անցած տարվա հոկտեմբերի 19-ին տեղի ունեցած «դարի կողոպուտի» վերաբերյալ խորհրդարանական քննիչ հանձնաժողովի զեկույցի հրապարակմանը։ Զեկույցում Լուվրի ղեկավարությունը մասամբ պատասխանատու է ճանաչվել թագավորական զարդերի աղմկահարույց գողության համար։
Հանձնաժողովի ղեկավար Ալեքսանդր Պորտիեն հայտարարել է, որ «գոյություն ունի բացթողումների ցանկ, որոնք այլ երկրներում և հաստատություններում վաղուց կհանգեցնեին հրաժարականների»։
Հոկտեմբերին չորս տղամարդ Լուվրից գողացել էին ֆրանսիական թագավորական զարդերի մի մասը, որոնց անվանական արժեքը գնահատվում է 88 միլիոն եվրո։ Սակայն դրանց պատմական արժեքը համարվում է անհամեմատ բարձր։

