Լոռու մարզի բնակավայրերից մեկում արձանագրվել է բնություն բաց թողնված կովկասյան ազնվացեղ եղջերուների տեղաշարժ։ Տեսանյութի տարածումից հետո ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ։
Նախարարության տեղեկացմամբ՝ նշված կենդանիները գտնվում են պետական պահպանության ներքո, իսկ նրանց տեղաշարժը վերահսկվում է ռադիոկապի միջոցով։ Նշվում է, որ քաղաքացիները չպետք է մոտենան կենդանիներին, փորձեն կերակրել կամ խոչընդոտեն դրանց բնական տեղաշարժը։
Ըստ հայտարարության՝ ազնվացեղ եղջերուներին վնասելու դեպքում պետությանը պատճառված վնասը հաշվարկվելու է 15 միլիոն դրամի չափով։ Բացի դրանից, կենդանուն վնասելու կամ ոչնչացնելու դեպքում կիրառվում են պատասխանատվության միջոցներ՝ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 386-րդ հոդվածի։
Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է, որ նման դեպքերի կամ կենդանիների վտանգի ենթարկվելու դեպքում անհրաժեշտ է անհապաղ տեղեկացնել «Դիլիջան» ազգային պարկին՝ համապատասխան հեռախոսահամարներով։

