Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Օկսաննա Աբրահամյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը՝ պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագրի և Հարավային Կովկասում թվայնացման հնարավորությունների ընդլայնմանն ուղղված տեխնիկական աջակցության շրջանակում։
Պատվիրակության կազմում ընդգրկված են եղել Համաշխարհային բանկի աշխատախմբի ղեկավարներ Արման Վաթյանը և Խուրամ Ֆարուկը։
Հանդիպման ընթացքում կողմերը ամփոփել են ծրագրի ընթացիկ փուլում իրականացված աշխատանքները՝ անդրադառնալով նախորդ առաքելությունից հետո արձանագրված առաջընթացին և առաջիկա քայլերին։ Քննարկումները ներառել են իրավաբանական անձանց պետական ռեգիստրի համակարգի արդիականացման գործընթացը, ինչպես նաև Ազգային արխիվի թվայնացման հաստատված հայեցակարգի շրջանակում իրականացվող միջոցառումները։
Քննարկված ուղղությունները ուղղված են պետական ծառայությունների թվայնացման խորացմանը և տվյալահենք կառավարման մեխանիզմների ներդրմանը։ Սա ենթադրում է գործառնական գործընթացների պարզեցում, տվյալների հասանելիության բարձրացում և կառավարման արդյունավետության աճ պետական համակարգում։
Համագործակցության շարունակականությունը դիտարկվում է որպես գործոն, որը նպաստում է թվայնացման ծրագրերի փուլային իրականացմանը և պետական կառավարման համակարգի տեխնոլոգիական վերազինմանը։

