ՏԵՂԱԿԱՆ
Հայաստանը միացել է ԱՄՆ «Trade over Aid» նախաձեռնությանը
Հայաստանը պաշտոնապես միացել է ԱՄՆ «Trade over Aid» նախաձեռնությանը, որն առաջարկում է ազատ շուկայի, ներդրումների ներգրավման և ինստիտուցիոնալ կարողությունների հզորացման վրա հիմնված տնտեսական զարգացման մոդել։ ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է երկրի տնտեսական դիվերսիֆիկացման քաղաքականությունը, որի թիրախն է անցումը դեպի գիտելիքահենք ու տեխնոլոգիական տնտեսություն, նոր շուկաների հասանելիության ընդլայնումը և ՓՄՁ-ների աջակցությունը։
Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կրճատվել է 21.5%-ով
2026 թվականի հունվար-մայիս ամիսներին Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը, 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 21.5%-ով՝ կազմելով 2.196 մլրդ դոլար (նախորդ տարվա 2.763 մլրդ դոլարի դիմաց)։ Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանի ընդհանուր արտաքին ապրանքաշրջանառությունը կազմել է 7.865 մլրդ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ գրեթե անփոփոխ է (-0.1%):
2026թ. մայիսին Երևանում բնակարանների գները շարունակել են աճել. միակ բացառությունը Ավանն է
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում բնակարանների 1 քմ-ի միջին շուկայական գինը հասել է 937,000 դրամի՝ տարեկան կտրվածքով գրանցելով 6.5% աճ։ Մայրաքաղաքի գրեթե բոլոր մյուս շրջաններում արձանագրվել է մինչև 25.9% երկնիշ աճ (գները տատանվել են 264,000-691,000 դրամի սահմաններում): Համատարած աճի ֆոնին միակ բացառությունը Ավանն է, որտեղ գներն ընկել են շուրջ 18%-ով։
Հայաստանում գազի բնակիչ-բաժանորդների թիվը գերազանցել է 793 հազարը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայտնում է, որ 2026 թվականի առաջին կիսամյակի ընթացքում հանրապետության գազաբաշխման համակարգին է միացել ևս 5,882 նոր բնակիչ-բաժանորդ։ Այսպիսով՝ երկրում կապույտ վառելիքից օգտվող տնային տնտեսությունների ընդհանուր թիվը գերազանցել է 793 հազարը։
ՍԱՏՄ-ն հորդորում է զգուշանալ ամառային թունավորումներից և ճիշտ ընտրել միրգ-բանջարեղենը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կոչ է անում քաղաքացիներին թարմ պտուղ-բանջարեղեն գնել բացառապես օրինական և վերահսկվող վաճառակետերից։ Գնորդներն իրավասու են պահանջել անվտանգության սերտիֆիկատներ, իսկ տնտեսվարողներին արգելվում է վնասված կամ նեխած մթերքի վաճառքը։ Սպառողներին խորհուրդ է տրվում նաև պահպանել ջերմաստիճանային ռեժիմը և օգտագործելուց առաջ սնունդը լվանալ հոսող ջրով։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Չինաստանի արտաքին առևտուրը պատմական ռեկորդներ է գրանցում. արտահանումն աճել է 27%-ով
Հունիս ամսին Չինաստանի արտահանման ծավալները տարեկան կտրվածքով աճել են 27%-ով՝ հասնելով 412.39 մլրդ դոլարի, ինչը տարեսկզբից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է։ Միաժամանակ, ներմուծումն աճել է 36%-ով՝ կազմելով 286.76 մլրդ դոլար (ամենաբարձր աճը 2021թ. հունիսից ի վեր): Երկու ուղղություններով էլ երկիրն արձանագրել է ծավալների պատմական առավելագույն ցուցանիշներ։
DeepSeek-ի հիմնադիր Լյան Վենֆենը դարձել է ԱԲ ոլորտի ամենահարուստ գործարարը
Ներդրումների ներգրավման նոր փուլից հետո չինական DeepSeek ընկերության հիմնադիր Լյան Վենֆենի անձնական կապիտալը մեկ օրում 16.7 մլրդ դոլարից հասել է 36 միլիարդ դոլարի՝ արձանագրելով 116% օրական աճ։ Այս ցուցանիշով նա շրջանցել է արևմտյան տեխնոլոգիական հսկաների ղեկավարներին՝ գլխավորելով արհեստական բանականության ոլորտի ամենահարուստ միլիարդատերերի ցանկը։
ԵՄ-ն Չինաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու համար նոր «համերաշխության գործիք» է մշակում
Bloomberg-ի փոխանցմամբ՝ Եվրամիությունը պատրաստում է նոր ֆինանսական մեխանիզմ, որը նպատակ ունի օգնել եվրոպական ընկերություններին վերակառուցել ռազմավարական նշանակության ապրանքների մատակարարման շղթաները։ Նախագիծն ուղղված է ԵՄ-ի և Չինաստանի միջև առկա առևտրային հսկայական դեֆիցիտի կրճատմանը, որն այժմ գերազանցում է 360 միլիարդ եվրոն։
Թեհրանը շարունակում է նավթի արտահանումը՝ անտեսելով ԱՄՆ արտոնագրի չեղարկումը
Չնայած ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից իրանական նավթի վաճառքի ժամանակավոր թույլտվության դադարեցմանը՝ Իրանի նավթի նախարարությունը հայտարարել է, որ արտահանումը շարունակվում է բնականոն հունով։ Ըստ գերատեսչության՝ Թեհրանը կանխատեսում էր Վաշինգտոնի նման քայլը և նախապես մշակել էր հատուկ շրջանցող մեխանիզմներ՝ պատժամիջոցների ազդեցությունը չեզոքացնելու համար։

