ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը, Ազգային ժողովում պատասխանելով պատգամավոր Արուսյակ Մանավազյանի հարցին, ներկայացրել է Իրան կատարած այցի մանրամասներն ու TRIPP-ի վերաբերյալ Թեհրանի ընկալումները:
Ինչու է դա կարևոր. Ըստ նախարարի՝ որոշ լրատվամիջոցների և ընդդիմադիր շրջանակների ներկայացրած աժիոտաժը TRIPP-ի շուրջ չի համապատասխանում իրականությանը: Իրանական կողմը բավարարված է գործընթացի թափանցիկությամբ, հարցերը քննարկելու պատրաստակամությամբ և այն տնտեսական հնարավորություններով, որոնք ենթակառուցվածքների գործարկումն ընձեռելու է հենց Իրանին:
Այցի հիմնական ուղղությունները.
Երկկողմ օրակարգ. Քննարկվել է Հայաստան-Իրան հարաբերությունների ողջ շրջանակը՝ քաղաքական երկխոսությունից, ռազմավարական բնույթից մինչև տնտեսական, ենթակառուցվածքային, տարածաշրջանային ու միջազգային հարցեր:
Սահմանափակումներ և պատժամիջոցներ. Հայաստանը պատրաստակամ է խորացնել հարաբերությունները Իրանի հետ՝ հաշվի առնելով միջազգային պատժամիջոցներով պայմանավորված սահմանափակումները: «Մենք վտանգի տակ չենք դնելու Իրանի հետ մեր հարաբերությունները»,— ընդգծել է Միրզոյանը:
Մաքսային խցանումներ. Իրանական մաքսային գոտում բեռնափոխադրումների կուտակումների հարցն ինտենսիվ քննարկվում է: Ակնկալվում են տեխնիկական լուծումներ առաջիկա օրերին:


