ComReg-ը հորդորում է Իռլանդիային նախապատրաստվել DTT-ի հնարավոր անցմանը
Իռլանդիայի հաղորդակցության կարգավորող մարմին ComReg-ն առաջարկել է նախապես մշակել գործողությունների ծրագիր այն դեպքի համար, եթե ապագայում թվային վերգետնյա հեռուստատեսության (DTT) հեռարձակումը կրճատվի կամ ամբողջությամբ դադարեցվի։ Հարցը քննարկվում է հեռուստադիտողների՝ առցանց հարթակներին և հոսքային ծառայություններին անցնելու համատեքստում։ ComReg-ի հրապարակած ուսումնասիրության համաձայն՝ հարցվածների 71%-ը տանը հեռուստատեսային բովանդակություն դիտելու հիմնական միջոց է նշել խելացի հեռուստացույցը, իսկ 18%-ը՝ ինտերնետին չմիացված հեռուստացույցը։ Հարցումն ընդգրկել է ավելի քան 1000 տնային տնտեսության հեռուստատեսության ընտրության համար պատասխանատու անձանց։
«Jurnal TV»-ն տուգանվել է 11 000 լեյով՝ հաղորդավարի կողմից անկողմնակալության, հավասարակշռության և կարծիքների ազատ ձևավորման պահանջները չպահպանելու համար
Մոլդովայի Հանրապետության Տեսալսողական խորհրդի որոշմամբ՝ «Jurnal TV» հեռուստաալիքը տուգանվել է 11 հազար մոլդովական լեյով (մոտ 222 հազար դրամ)՝ հաղորդման ընթացքում անկողմնակալության, հավասարակշռության և կարծիքների ազատ ձևավորման սկզբունքները չպահպանելու համար։ Որոշումը վերաբերում է մայիսի 27-ին հեռարձակված «Secretele Puterii» («Իշխանության գաղտնիքները») հաղորդմանը, որը վարել է Ալեքսանդր Կոզերը։ Հաղորդման վերաբերյալ բողոք էր ներկայացրել դատախազ Վասիլե Պլևանը՝ պնդելով, որ հաղորդավարն իր հասցեին հնչեցրել է անհիմն մեղադրանքներ, հարցեր է տվել կողմնակալ ձևով և ոչ ճշգրիտ է ներկայացրել դատախազների գնահատման՝ «vetting»-ի ընթացակարգը։ Հեռուստաալիքը հաջորդ հաղորդման ընթացքում հրապարակել էր դատախազի պատասխանը, սակայն նախորդ հաղորդման ավարտին չէր տեղեկացրել հեռուստադիտողներին, որ մյուս մասնակիցներին ևս հնարավորություն կտրվի ներկայացնելու իրենց տեսակետը։ Միաժամանակ կարգավորող մարմինը ատելության խոսք չի արձանագրել՝ նշելով, որ քննադատությունն ուղղված է եղել հանրային պաշտոն զբաղեցնող անձանց մասնագիտական գործունեությանը և որոշումներին։ Խորհրդի նախագահ Անետա Գոնցայի խոսքով՝ արդարադատության բարեփոխումների նման զգայուն թեմաները քննարկելիս հաղորդավարը պետք է առավել զգույշ լինի և խուսափի փաստական բավարար հիմք չունեցող բնորոշումներից և ընդհանրացումներից։
ACMA-ն հրապարակել է ոլորտային նախնական ուղեցույց՝ մոլախաղերի գովազդում հայտնի անձանց արգելող նոր կանոնների վերաբերյալ
Ավստրալիայի հաղորդակցության և մեդիայի կարգավորող մարմինը (ACMA) հրապարակել է նոր կանոնների նախնական ուղեցույցը, որով 2027թ․ հունվարի 1-ից կարգելվի խաղադրույքների գովազդում հայտնի անձանց օգտագործումը։ Արգելքը կտարածվի հեռուստատեսության, ռադիոյի, լրատվական կայքերի, սոցցանցերի, առցանց խաղերի և այլ հարթակների վրա։ «Հայտնի անձանց» շարքում ներառվում են գործող և նախկին պրոֆեսիոնալ մարզիկները, հայտնի մարդիկ, սոցցանցերի ազդեցիկ օգտատերերը և այլ ճանաչված անձինք։ Նոր կանոններով կսահմանափակվեն նաև խաղադրույքների ծառայություններ մատուցողների՝ նման անձանց մասնակցությամբ գովազդային պայմանագրերը։
Foxtel-ը խախտել է ծխախոտի գովազդի կանոնները
Ավստրալիայի հաղորդակցության և մեդիայի կարգավորող մարմինը (ACMA) արձանագրել է Foxtel-ի (վճարովի հեռուստատեսային և հոսքային ծառայություններ մատուցող ընկերություն) կողմից հեռարձակման օրենսդրության խախտում։ 2026թ. հունվարի 31-ին Fox Sports-ի եթերում Նոր Զելանդիայի Գրան պրիի ավտոմրցարշավի լուսաբանման ընթացքում ցուցադրվել է երկու հայտնի ծխախոտային ապրանքանիշի տարբերանշաններով ավտոմեքենա։ Դրանք տեսանելի են եղել մոտ 20 րոպե, այդ թվում՝ կրկնությունների և շուրջ 40 վայրկյան տևող խոշոր պլանի կադրում։ ACMA-ն ընդգծել է, որ նույնիսկ պատմական մեքենայի կամ պատահական ցուցադրման դեպքում հեռարձակողը պարտավոր է պահպանել ծխախոտի գովազդի սահմանափակումները։ Foxtel-ը նախատեսում է ուժեղացնել աշխատակիցների ուսուցումը և ներքին վերահսկողությունը։ Սա ACMA-ի առաջին նման հետաքննությունն է 2023թ. հանրային առողջության մասին նոր օրենքի ուժի մեջ մտնելուց հետո։
https://www.acma.gov.au/articles/2026-10/foxtel-breaches-tobacco-advertising-rules
BBC-ի կրճատումների հերթական փուլում դադարեցվում են գծային հեռուստաալիքները
BBC-ն հաստատել է, որ 2027թ. գարնանը կդադարեցնի BBC Three, BBC Scotland և BBC Radio 4 Extra գծային հեռարձակումը։ Որոշումը կապված է կազմակերպության ֆինանսական ճնշումների և մինչև 2028թ. 500 մլն ֆունտ ստեռլինգ խնայելու անհրաժեշտության հետ։ Հեռուստաալիքների բովանդակությունը ամբողջությամբ չի վերանա․ BBC Scotland-ի հաղորդումները հասանելի կլինեն iPlayer հարթակում, ինչպես նաև Շոտլանդիայի BBC One և BBC Two ալիքներով։ BBC Three-ի նոր բովանդակությունը կտեղադրվի iPlayer-ում և այլ հարթակներում, այդ թվում՝ YouTube-ում, իսկ Radio 4 Extra-ի հաղորդումները կտեղափոխվեն BBC Sounds։
https://www.advanced-television.com/2026/10/20/linear-channels-axed-in-latest-round-of-bbc-cuts/
Բրենդան Քարը զգուշացնում է հեռարձակողներին «կեղծ» հարցումներ լուսաբանելուց
ԱՄՆ Դաշնային հաղորդակցությունների հանձնաժողովի (FCC) նախագահ Բրենդան Քարը հեռարձակողներին զգուշացրել է, որ ընտրություններից առաջ, իր բնորոշմամբ, «կեղծ» կամ ընտրողների մասնակցության վրա ազդելու նպատակ ունեցող հարցումների տարածումը կարող է հանգեցնել հեռարձակման կանոնների խախտման վերաբերյալ քննության։ Քարը պնդել է, որ որոշ հարցումներ կարող են խեղաթյուրել հանրային ընկալումը և ազդել ընտրական գործընթացի վրա, սակայն չի նշել, թե կոնկրետ որ հարցումներն է նկատի ունեցել, և չի ներկայացրել իր պնդումները հաստատող ապացույցներ։ FCC-ի հանձնակատար Աննա Գոմեսն իր հերթին ընդգծել է, որ եթե հեռարձակողը բարեխղճորեն ներկայացնում է հանրությանը հասանելի հարցման տվյալները, ապա միայն այն հանգամանքը, որ հարցման արդյունքները սխալ են եղել, չպետք է պատժի հիմք դառնա։
ComCom-ի ներկայացուցիչները հանդիպել են ադրբեջանցի գործընկերներին՝ ռադիոհաճախականությունների սպեկտրի օգտագործման և համատեղ մոնիթորինգի հարցերով
Comcom-ի ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարության համապատասխան կառույցների ու երկու երկրների բջջային օպերատորների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են հեռարձակման և բջջային կապի ծառայությունների համատեղ մոնիթորինգի արդյունքները։ Հեռարձակման մասով խանգարումներ չեն արձանագրվել, իսկ բջջային ծառայությունների դեպքում հայտնաբերվել են փոխադարձ խախտումներ, որոնց վերացման ուղղությամբ կողմերը պայմանավորվել են աշխատել։ Բացի այդ, համաձայնեցվել է երկու երկրների տարածքներում գործող FM ռադիոկայանների երեքական հաճախականությունների բաշխումը և քննարկվել է 174–230 ՄՀց տիրույթի համատեղ օգտագործումը թվային ռադիոհեռարձակման համար։
Տասը հեռուստաալիքներին բաժին է ընկել հեռուստադիտողների նախընտրությունների 38,34%-ը․ 2026թ․ 3-րդ եռամսյակի լսարանային ցուցանիշների վերլուծության արդյունքները
Մոլդովայի տեսալսողական խորհրդի 2026թ․ երրորդ եռամսյակի հրապարակած տվյալների համաձայն՝ ուսումնասիրված 18 հեռուստաալիքները միասին կազմել են հեռուստադիտողների նախընտրությունների 45,28%-ը։ Դրանցից ամենաբարձր լսարանային մասնաբաժինը կազմել է 7,45%, իսկ ամենացածրը՝ 0,15%։ Առաջատար 10 հեռուստաալիքներին միասին բաժին է ընկել 38,34%-ը, ինչը կազմում է ուսումնասիրված բոլոր 18 ալիքների լսարանային մասնաբաժինների ընդհանուր գումարի շուրջ 84,67%-ը։ Եռամսյակի ընթացքում 8 հեռուստաալիքի լսարանային մասնաբաժինն աճել է, իսկ 10-ինը՝ նվազել։ Տվյալների վերլուծությունը չի հայտնաբերել բավարար հիմքեր՝ հանրային կարծիքի ձևավորման վրա գերիշխող դիրքի հնարավոր առկայությունը գնահատելու ընթացակարգ սկսելու համար։ Մոլդովայի օրենսդրությամբ՝ այդպիսի գերիշխող դիրք է համարվում այն դեպքը, երբ ֆիզիկական կամ իրավաբանական անձին վերագրվող լսարանային մասնաբաժինը գերազանցում է շուկայի 25%-ը։
Հաղթանակ Տեսալսողական խորհրդի համար «PRO TV Chișinău»-ի հետ վեճում՝ 2024թ. Գնչուների միջազգային օրվան նվիրված լուսաբանման խախտումների գործով
Մոլդովայի Կենտրոնական վերաքննիչ դատարանը հոկտեմբերի 13-ին մերժել է PRO TV Chișinău-ի բողոքը՝ ուժի մեջ թողնելով Քիշնևի դատարանի 2025թ․ հոկտեմբերի 15-ի վճիռը։ Վեճը վերաբերում էր Մոլդովայի տեսալսողական խորհրդի 2024թ․ մայիսին ընդունած որոշմանը, որով հեռուստաալիքի նկատմամբ կիրառվել էր երկու հրապարակային նախազգուշացում։ Առաջին նախազգուշացումը վերաբերում էր լուրերի ճշգրտության և հավաստիության պահանջների խախտմանը։ 2024թ․ ապրիլի 8-ին հեռարձակված գնչուների միջազգային օրվան նվիրված ռեպորտաժում երթի մասնակիցներից մեկը հայտարարել էր, որ մինչև 2025թ․ նախատեսված՝ գնչուների համայնքին աջակցելու կառավարության ծրագիրը հասանելի չէ նաև համայնքի կանանց համար։ Կարգավորող մարմինը գտել էր, որ այդ պնդումը չէր ներկայացվել բավարար փաստական հիմքով։ Երկրորդ նախազգուշացումը վերաբերում էր անչափահասների պատկերի պաշտպանության պահանջների խախտմանը։ Հեռուստաալիքը դպրոցական միջավայրում երեխաների պատկերներ էր ցուցադրել՝ դրանք կապելով գնչուների երեխաների շրջանում դպրոցից դուրս մնալու և անգրագիտության վերաբերյալ բացասական համատեքստի հետ՝ առանց երեխաների պատկերները փակելու։


