ABNews

Ինչ է խորհրդանշում ՀՀ բանակի նոր զինանշանը

Լուրեր | 2026/05/27 13:45

Ինչ է խորհրդանշում ՀՀ բանակի նոր զինանշանը

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն արդիականացրել է բանակի նոր զինանշանն ու նոր տարբերակը ներկայացրել է հանրությանը։ Պաշտպանության նախարարի տարածած տեսանյութում նախ անդրադարձ է կատարվում զինանշանի արդիականացման պատճառներին։ Ընդգծվում է, որ 2001 թվականին հաստատված ՀՀ ԶՈՒ արդեն նախկին զինանշանում առկա էին մի շարք զինանշանագիտական, ձևաբանական և գաղափարաբանական թերություններ, ուստի բանակի կերպափոխման համատեքստում նախաձեռնվել է նաև զինանշանի արդիականացման, սրբագրման գործընթացը։

«Նախկին զինանշանի հիմնական կերպարը՝ արծիվը, ունի հերալդիկ և գեղագիտական էական թերություններ։ Արծիվը պատկերված է փակ կտուցով։ Հերալդիկայում փակ կտուցը համարվում է հանգիստ, ոչ մարտական վիճակ, հաճախ ընկալվում է անշունչ կերպար, ինչը հակասում է բանակի էությանը։ Բացակայում է արծվի հիմնական մարմինը՝ իրանը, այն ձուլված է ընդհանուր մակերեսին՝ ստեղծելով միայն փետուրներից հավաքված արծվակերպ պատկեր։ Բացակայում են արծվի վերջույթները՝ ճանկերը՝ զենքը։ Սա ստեղծում է անդամահատված, անզոր, խոցելի էակի տեսք, ինչն անթույլատրելի է բանակի խորհրդանիշի համար»,- ասված է ՊՆ-ի կողմից տարածված տեսանյութում։

Նշվում է, որ նախկին զինանշանում սուրը տեղադրված է վահանի հետևում, ինչը հերալդիկայում պաշտպանությանը ոչ պատրաստ լինելու նշան է։

«Սակայն ՀՀ բանակի առաքելությունը ՀՀ ինքնիշխան տարածքի, տարածքային ամբողջականության պաշտպանությանը մշտապես պատրաստ լինելն է։ Զինանշանի նախկին տարբերակում առկա է պետական դրոշի պատկերման կոպտագույն սխալ․ այն ներկայացված է ոչ թե որպես մեկ ամբողջություն, այլ մասնատված է առանձին ժապավենների կամ կտորների։ Դրոշի այսպիսի աղավաղումը խորհրդաբանորեն կարող է մեկնաբանվել որպես պառակտված, մասնատված կամ ոչ ամբողջական պետականություն»,- ասված է տեսանյութում։

ՊՆ-ն տեղեկացնում է, որ ՀՀ բանակի նոր զինանշանի կենտրոնական կերպարը՝ արծիվը, վերաիմաստավորվել է և պատկերված է լիակատար կենդանի և ամբողջական մարմնավորմամբ։ Հստակ երևում են գլուխը, մարմինը, թևերը և ճանկերը՝ հաղթահարելով նախկին զինանշանի բացթողումները։

«Արծվի կտուցը բաց է, ինչը հերալդիկայում խորհրդանշում է կենսունակություն, պատրաստակամություն, զգոնություն, խոսքի և ուժի իրավունք։ Որպես թագակիր գիշատիչ՝ արծվի հստակ և դինամիկ կեցվածքն ուղղակիորեն խորհրդանշում է ՀՀ բանակի արթնությունն ու մարտական ոգին։ Այն մարմնավորում է բանակի առաքելությունը՝ պաշտպանել ՀՀ անկախությունը, սուվերենությունը և տարածքային ամբողջականությունը։ Նոր զինանշանում արծվի կերպարն ամրապնդվում է նրա հետևում շողացող ոսկեգույն արևով, որի ճառագայթները հստակորեն ծավալվում են շրջանաձև։ Արևն այստեղ հանդես է գալիս որպես լույսի և կենսունակության խորհրդանիշ՝ մարմնավորելով հայ ժողովրդի հարատևման գաղափարը։ Ընտրված ոսկեգույնը պատահական չէ։ Այն հավերժականության, բարեկեցության և իշխանության գույնն է»,- ասված է տեսանյութում։

ՊՆ-ի տեղեկացմամբ՝ արևի տեղադրությունն արծվի թիկունքում ընդգծում է այն սրբազան արժեքները, որոնք գտնվում են պետության, արծվի հովանու և պաշտպանության ներքո։ Արծվի կրծքին տեղադրված է կլոր, ոսկեգույն վահան, որը զարդարված է հայկական ութաթև արևախաչով, իսկ կենտրոնում սերմնահատիկով՝ որպես ՀՀ բանակի կենտրոնաձիգ խորհրդանիշ։

«Սերմը մարմնավորում է ապագա զինվորներին, որոնք ռազմի դարբնոցում պիտի ծլարձակեն, ծառ ու պտուղ դառնան և հավերժական անընդհատության խորհրդով նորից սերմ տան։ Վահանն արծվի վրա պաշտպանության խորհրդանիշ է։ Արծիվն իր երկու ճանկերում բռնել է պատմական նշանակություն ունեցող զենքեր, ձախում՝ ոսկեգույն սուր, իսկ աջում՝ ՀՀ բանակի պահապան Աշոտ Երկաթի սուրբ խաչը՝ Հայաստանի բանակի զինվորական թալիսմանը։ Սուրն արծվի ճանկում խորհրդանշում է միշտ պատրաստ կարգավիճակը։ Զինանշանի վերին հատվածում պատկերված է ՀՀ պետական եռագույն դրոշը և ՀՀ քարտեզը։ Այս տարրը զինանշանը ներդաշնակորեն կապում է ՀՀ-ի հետ՝ ընդգծելով, որ բանակն անվտանգության երաշխավորներից մեկն է»,- ասված է ՊՆ-ի տարածած տեսանյութում։

Նշվում է, որ կերպափոխման հայեցակարգով նախատեսված բարեփոխումները ՀՀ բանակում շարունակվում են։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը