2025 թվականին Հայաստանի «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանները միասին սպասարկել են շուրջ 5.7 մլն ուղևոր։ Այս մասին ԱԺ-ում հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նրա խոսքով՝ ցուցանիշը 7.5%-ով գերազանցել է 2024 թվականի արդյունքը։
Աճը տարբեր է եղել ըստ օդանավակայանների։ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում աճը կազմել է 7%, իսկ Գյումրու «Շիրակ» օդանավակայանում՝ 32.4%։
Նախարարը նշել է, որ հատկապես Գյումրիում արձանագրված աճը պայմանավորված է պետական սուբսիդավորման ծրագրով, որի շրջանակում խթանվում են նոր չվերթների բացումները։
Մասնավորապես, 2025 թվականի հոկտեմբերից գործարկվել է «Wizz Air» ավիաընկերության Գյումրի–Լարնակա ուղղությունը։
Ընդհանուր առմամբ, 2025 թվականին դեպի և Հայաստանից իրականացվել են թռիչքներ 67 ուղղություններով, որոնք սպասարկել են 48 ավիաընկերություններ։
Տվյալները ցույց են տալիս, որ ավիացիոն ոլորտում աճը պայմանավորված է ինչպես պահանջարկի ավելացմամբ, այնպես էլ պետական խթանման մեխանիզմների կիրառմամբ։

