Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ժամանելով Երևան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, անդրադարձել է Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված ճգնաժամին։ Նա ողջունել է նավագնացությունն ապաշրջափակելու ԱՄՆ-ի ջանքերը, սակայն շեշտել է, որ Ֆրանսիան ակնկալում է Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնեցված լուծում։
Մակրոնը նշել է, որ Փարիզը չի մասնակցի որևէ ուժային գործողության, եթե չլինեն հստակ պայմանավորվածություններ։ Նա նաև հիշեցրել է, որ նախքան ԱՄՆ-ի կողմից շրջափակում մտցնելու հայտարարությունը, եվրոպական կողմը քննարկում էր նավերի ուղեկցման հատուկ առաքելության հարցը։ Նախագահի խոսքով՝ առաջնահերթությունը մնում է դիվանագիտական ճանապարհով տրանսպորտային զարկերակի լիարժեք վերագործարկումը։

