Դավիթ Խուդաթյանի հետ քննարկեցինք մեր երկրների միջև անցյալում ակտիվորեն օգտագործվող երկաթուղային և ճանապարհային կապերի վերականգնմանն ուղղված ջանքերը: Այս մասին X-ի իր էջում գրել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն Բրյուսելում կազմակերպված «Կապակցվածության օրակարգ» հարթակում:
«Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար պարոն Դավիթ Խուդաթյանի հետ մեր հանդիպման ժամանակ քննարկեցինք անցյալում մեր երկրների միջև ակտիվորեն օգտագործված երկաթուղային և ավտոմոբիլային կապերի վերագործարկմանն ուղղված աշխատանքները։
Մինչ մենք մեր երկրում սկսում ենք անհրաժեշտ վերանորոգման աշխատանքները, գնահատեցինք նաև հայկական կողմի պատրաստության և մրցութային գործընթացներում հասած փուլը»,- գրել է Ուրալօղլուն:
Հանդիպման ընթացքում նաև քննարկվել է Անիի կամրջի վերականգնման գործընթացը։
«Քննարկեցինք նաև Կարս-Անիում՝ Մետաքսի ճանապարհի վրա գտնվող պատմական Անիի կամրջի վերականգնման գործընթացը և դիտարկեցինք մեր ընդհանուր պատմության կարևոր հետքերից մեկը վերականգնելու քայլերը»,- նշել է նախարարը:

