ՀՀ արդարադատության նախարարությունը «Փաստեր և իրականություն» խորագրով հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով նոյեմբերի 24-ին Հայաստանի դատավորների միության կողմից նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ հրապարակված դիրքորոշմանը։ Նախարարությունն ընդգծել է, որ միությունը հասարակական կազմակերպություն է, և դրա հայտարարությունը չի հանդիսանում դատական իշխանության կամ պաշտոնավարող դատավորների՝ որպես ամբողջության, պաշտոնական դիրքորոշումը։
Ինչու է դա կարևոր. Հայաստանի դատավորների միությունը պնդել էր, թե նոր Սահմանադրության նախագծով առաջարկվող՝ դատավորների վերագնահատման և Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) ձևավորման կարգավորումները վտանգում են դատական իշխանության անկախությունը։ Արդարադատության նախարարության պարզաբանումը տարանջատում է ՀԿ-ի կարծիքը դատական իշխանության ինստիտուցիոնալ մարմինների դիրքորոշումից՝ մատնանշելով նաև տեքստի ընդունման ընթացակարգային անհստակությունները։
Պարզաբանման առանցքային կետերը.
Հայաստանի դատավորների միության կարգավիճակը.
Միությունը 1997 թվականին ստեղծված և պետական գրանցում ստացած հասարակական կազմակերպություն է, որին անդամակցությունը կամավոր է, և անդամ կարող են լինել ինչպես գործող, այնպես էլ նախկին դատավորները։
Ի տարբերություն Սահմանադրական, Վճռաբեկ, վերաքննիչ ու առաջին ատյանի դատարանների, ԲԴԽ-ի, Դատավորների ընդհանուր ժողովի և Դատական դեպարտամենտի, միությունը դատական իշխանության ինստիտուցիոնալ համակարգի մաս չի կազմում և գործում է ՀԿ-ների մասին օրենսդրության ու սեփական կանոնադրության հիման վրա։
Ընթացակարգային հարցադրումներ.
Նախարարությունը նշել է, որ հրապարակված հայտարարությունից պարզ չէ, թե ՀԿ-ի որ մարմինն է այն ընդունել, քանի անդամ է մասնակցել քննարկմանը և հավանություն տվել բովանդակությանը, ինչպես նաև արդյոք առկա է կանոնադրությամբ սահմանված կարգով ընդունված որոշում։
Հրապարակված չեն նաև հայտարարությունը ստորագրած կամ դրան միացած դատավորների անունները։
Պաշտոնական դիրքորոշման տարանջատում.
Չվիճարկելով ՀԿ-ի՝ իր դիրքորոշումն ազատորեն արտահայտելու իրավունքը՝ գերատեսչությունն ընդգծել է, որ տարածված տեքստը հասարակական կազմակերպության անունից հրապարակված հայտարարություն է, այլ ոչ թե ՀՀ դատական իշխանության, որևէ դատական ատյանի կամ բոլոր պաշտոնավարող դատավորների պաշտոնական դիրքորոշումը։


