ABNews

Հայաստանը նախապատրաստում է կանաչ ջրածնի արտադրության պիլոտային ծրագիր

Լուրեր | 2026/06/29 17:46

Հայաստանը նախապատրաստում է կանաչ ջրածնի արտադրության պիլոտային ծրագիր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում կանաչ ջրածնի արտադրության զարգացման հեռանկարներն ու ռազմավարական սցենարները:

Ինչպես հիշեցվել է նիստի ընթացքում, Ներդրումային կոմիտեի հինգերորդ նիստի որոշմամբ ստեղծված հատուկ աշխատանքային խումբը խորհրդատվական ընկերությունների հետ համատեղ ավարտել է ոլորտի առավելությունների, արտադրության մեթոդների և տեխնոլոգիաների բացահայտմանն ուղղված ուսումնասիրությունների առաջին փուլը: Խորհրդակցության հիմնական նպատակն էր քննարկել մշակված գործնական առաջարկները:

Տեխնիկատնտեսական հիմնավորումները և «կանաչ տաքսոնոմիան»

Նիստի ընթացքում մանրամասն ներկայացվել է կանաչ ջրածնի զարգացման իրավական շրջանակը և դրա կիրառման հնարավոր ոլորտները: Այս նախագիծը դիտարկվում է որպես ՀՀ էներգետիկ համակարգի ածխածնազերծման, վնասակար արտանետումների կանխարգելման և միջազգային «կանաչ տաքսոնոմիայի» (Green Taxonomy) խիստ պահանջներին համապատասխանեցնելու երկարաժամկետ ռազմավարական լուծում:

Խորհրդակցության ժամանակ առանցքային տեղ են զբաղեցրել հեղինակավոր «BDO ADVISORY» և «CIVITTA» խորհրդատվական ընկերությունների կողմից իրականացված տեխնիկատնտեսական ուսումնասիրությունների արդյունքները: Վերջիններս ներկայացրել են կանաչ ջրածնի արտադրության և ընդհանուր էներգետիկ համակարգին դրա ինտեգրման կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ սցենարները:

Գիտական հենքով պիլոտային ծրագրի հանձնարարականը

ներկայացված սցենարների շուրջ ծավալվել է մտքերի ակտիվ փոխանակություն, մասնավորապես՝ էներգետիկ փոխակերպման մեջ կանաչ ջրածնի ստացման ժամանակակից մեթոդների վերաբերյալ:

Ամփոփելով նիստը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել կատարված հետազոտական աշխատանքը և ընդգծել, որ անհրաժեշտ է անցնել գործնական քայլերի: Կառավարության ղեկավարը շեշտել է տեղական գիտական համայնքի ներուժի օգտագործման և միջազգային առաջավոր փորձի ներդրման կարևորությունը՝ կանաչ ջրածնի արտադրության պիլոտային ծրագիր իրականացնելու համար: Նիկոլ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել է առաջիկայում ներկայացնել հստակ զեկույց՝ պիլոտային ծրագրի մեկնարկի ուղղությամբ կատարված քայլերի վերաբերյալ:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը