Հայաստանի Հանրապետությունը լրացուցիչ 7,136 բաժնեմասի կբաժանորդագրվի Սևծովյան առևտրի և զարգացման բանկում (ՍԱԶԲ)՝ ընդհանուր 8 մլն 206 հազար 400 եվրո արժեքով։ Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության նոյեմբերի 12-ի նիստում։
Ինչու է դա կարևոր. Որոշումը թույլ է տալիս պահպանել Հայաստանի ներկայիս 1.01% մասնակցությունն ու ձայների իրավունքի կշիռը բանկի կապիտալում՝ միաժամանակ ընդլայնելով երկրի տնտեսության իրական հատվածի, պետություն-մասնավոր գործընկերության և տարածաշրջանային ծրագրերի ֆինանսավորման հնարավորությունները։ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ չնայած 1.01% մասնաբաժնին, Հայաստանում իրականացվող ծրագրերի ծավալը զգալիորեն գերազանցում է այդ կշիռը։
Բաժնեմասերի ավելացման, վճարման գրաֆիկի և համագործակցության առանցքային մանրամասները.
Բաժնեմասերի փոփոխությունը.
Լրացուցիչ բաժանորդագրություն. 7,136 բաժնեմաս (8,206,400 եվրո)։
Ընդհանուր բաժնեմասերի քանակը. Կհասնի 27,136-ի։
Ընդհանուր բաժանորդագրված կապիտալը. Կկազմի 31,206,400 եվրո։
Վճարման մեխանիզմը (ամբողջ գումարը միանգամից չի վճարվելու).
30%-ը (շուրջ 2.46 մլն եվրո). Մինչև 2026թ. ավարտը կթողարկվի անտոկոս մուրհակ, որը կվճարվի 8 հավասար մասերով՝ 2027–2034 թվականներին (տարեկան՝ 307,740 եվրո):
70%-ը. Վճարման ենթակա կլինի միայն ըստ պահանջի։
Հայաստան-ՍԱԶԲ գործընկերության ցուցանիշները.
1998 թվականից ի վեր (որպես հիմնադիր անդամ) բանկը ՀՀ մասնավոր հատվածին տրամադրել է շուրջ 400 մլն եվրոյի առևտրային և ծրագրային ֆինանսավորում։
Բանկի 1.5 մլրդ եվրո գործող վարկային պորտֆելից Հայաստանում հաստատված ծրագրերը կազմում են շուրջ 120 մլն եվրո, իսկ փաստացի տրամադրված ֆինանսավորումը՝ 84 մլն եվրո։


