ABNews

Հայաստանը ԵԱՏՄ շրջանակում բողոքարկել է հայկական արտադրանքի նկատմամբ Ռուսաստանի սահմանափակումները

Լուրեր | 2026/09/08 14:29

Հայաստանը ԵԱՏՄ շրջանակում բողոքարկել է հայկական արտադրանքի նկատմամբ Ռուսաստանի սահմանափակումները

Հայաստանը Եվրասիական տնտեսական միության շրջանակում բողոքարկել է հայկական արտադրանքի նկատմամբ Ռուսաստանի կողմից կիրառվող սահմանափակումները և ակնկալում է, որ առկա մեխանիզմների գործադրմամբ խոչընդոտները կվերացվեն։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գասպարյանը։

Անդրադառնալով ռուսական կողմի հետ հաղորդակցությանը և սահմանափակումների համար ներկայացված հիմնավորումներին՝ Գասպարյանն ընդգծել է, որ հարցը դիտարկվում է նաև ԵԱՏՄ շրջանակում։

«Այստեղ կարևոր են ոչ միայն Ռուսաստանի հետ մեր շփումները, այլև ԵԱՏՄ շրջանակում մեր հնարավորությունները, որովհետև կան կոնկրետ մեխանիզմներ, որոնք կարելի է կիրառել, որպեսզի այդպիսի խոչընդոտները վերանան։ Մենք ակտիվորեն օգտագործում ենք այդ հնարավորությունները։ Բողոքել ենք և հույս ունենք ու վստահ ենք, որ մեխանիզմները պետք է գործեն, որպեսզի խոչընդոտները վերացվեն»,-ասել է փոխնախարարը։

Լրագրողի ճշտող հարցին՝ արդյոք հայկական արտադրանքի որակի վերաբերյալ ռուսական կողմի պնդումներն անհիմն են, Գասպարյանը պատասխանել է, որ հայկական կողմի գնահատմամբ՝ կիրառված խոչընդոտները չեն համապատասխանում ԵԱՏՄ-ում հաստատված համաձայնություններին և սկզբունքներին։

«Մեր կարծիքով՝ խոչընդոտները չեն համապատասխանում ԵԱՏՄ շրջանակում ձեռք բերված համաձայնություններին և սկզբունքներին։ Դրա համար մենք պայքարում ենք, որպեսզի ԵԱՏՄ-ն գործի իր սկզբունքների համաձայն»,-նշել է նա։

Գասպարյանը շեշտել է, որ Հայաստանը ԵԱՏՄ գործիքակազմն օգտագործում է խախտված սկզբունքների վերականգնման համար։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը