Երեքշաբթի օրը Google-ը հայտարարեց, որ մտադիր է հաջորդ տարվանից անջատել արհեստական բանականության (ԱԲ) գործիքները K-12 (դպրոցական) աշակերտների համար, եթե դպրոցի ղեկավարությունն ուղղակիորեն չակտիվացնի դրանք, գրում է Tech Crunch-ը։ Տեխնոլոգիական հսկայի փոխանցմամբ՝ այս փոփոխությունը հետևում է դպրոցների, ուսուցիչների, առաջատար հետազոտողների և քաղաքականություն մշակողների հետ խորհրդակցություններին: Արդյունքում Google-ը վերանայում է իր մոտեցումները Gemini-ի, NotebookLM-ի, Gemini in Classroom-ի և Google Search-ի մասով:
Այս որոշումը նշանակում է, որ այն դպրոցները, որոնք կնախընտրեն ամբողջությամբ սահմանափակել ԱԲ-ի կիրառումը, այլևս չեն կարողանա օգտվել Google Search-ից, քանի որ արհեստական բանականության գործառույթներն այժմ ինտեգրված են որոնողական համակարգի մեջ:
Google-ի կրթական ծրագրերի գծով փոխնախագահ Քրիս Ֆիլիպսը The New York Times-ին հայտնել է, որ «որոնումն ու ԱԲ-ն խորապես ինտեգրված են», ինչը նշանակում է, որ եթե դպրոցն ընտրի ԱԲ-ի լիակատար սահմանափակում, աշակերտները «չեն ունենա որոնումից օգտվելու հնարավորություն և կտեսնեն դպրոցի կողմից տեղադրված հաղորդագրություն այն մասին, որ այն անհասանելի է»:
Այս փոփոխությունը լուրջ խնդիր է առաջացնում դպրոցների համար: Թեև ուսուցիչները կարող են չցանկանալ, որ աշակերտները հետազոտություններ կատարելիս կամ առաջադրանքներ կատարելիս օգտվեն Google Search-ի AI Overviews-ից (ԱԲ-ի միջոցով գեներացվող ամփոփումներից), նրանք, հավանաբար, այնուամենայնիվ ցանկանում են, որ սովորողները հնարավորություն ունենան օգտվելու որոնողական համակարգից՝ աղբյուրներ և ուսումնական այլ նյութեր գտնելու համար:
Այնուամենայնիվ, Google Search-ն ու դրա ԱԲ գործառույթներն այժմ անբաժանելի են։ Հաշվի առնելով դասասենյակներում Google-ի հավելվածների գերակայությունն ու Chromebook-ների լայն տարածումը՝ այս որոշումն ընդգծում է ընկերության ազդեցությունը կրթական ոլորտի վրա: Այն դպրոցները, որոնք ցանկանում են շարունակել օգտվել Google Search-ից, ստիպված կլինեն ընդունել դրա ԱԲ գործառույթները:
«Մենք առաջիկա ամիսներին՝ մինչև փոփոխությունների ուժի մեջ մտնելը, ավելի մանրամասն տեղեկատվություն կտրամադրենք դպրոցներին, որպեսզի նրանք ժամանակ ունենան նախապատրաստվելու և ապահովելու սահուն անցում,- գրել է Ֆիլիպսը բլոգային գրառման մեջ: - Մեր նպատակը պարզ է՝ դպրոցների ղեկավարներին տալ ԱԲ արտադրանքները դասարաններում իրենց հայեցողությամբ օգտագործելու վերահսկողություն և վստահություն»:
Google-ն այս սպասվող փոփոխության մասին հայտարարեց դպրոցներում Guided Learning (Ուղղորդված ուսուցում) գործիքի գործարկմանը զուգահեռ: Այս գործիքը, որը ներկայացվել էր դեռ այս տարվա սկզբին, գործում է ԱԲ-ի վրա հիմնված ռեպետիտորի նման, քանի որ այն նախագծված է օգտատերերին օգնելու խորը պատկերացում կազմել, այլ ոչ թե պարզապես պատրաստի պատասխաններ տալու: Գործարկումը տեղի է ունենում այն մտահոգությունների ֆոնին, որ ԱԲ չաթբոտերը խաթարում են ուսումնական պրոցեսը, քանի որ դրանք պարզապես տալիս են ուղղակի պատասխաններ:


