Սպորտային մեքենաների իտալական արտադրող Ferrari NV-ն ներկայացրել է իր պատմության մեջ առաջին ամբողջությամբ էլեկտրական ավտոմեքենան, որը, սակայն, չի տպավորել ներդրողներին։ Երեքշաբթի օրվա սակարկությունների ընթացքում ընկերության բաժնետոմսերի գինն արձանագրել է անկում։
Հնգատեղ Luce մոդելն ունի Ferrari-ի համար անսովոր ֆուտուրիստական դիզայն, որի հեղինակը Apple Inc.-ի նախկին գլխավոր դիզայներ Ջոնի Այվն է։ Մեքենայի առավելագույն արագությունը 310 կմ/ժ է, իսկ էլեկտրաշարժիչի շնորհիվ այն 0-ից մինչև 100 կմ/ժ արագանում է ընդամենը 2,5 վայրկյանում, ինչն ավելի արագ է, քան 12 գլանանի ներքին այրման շարժիչով աշխատող Purosangue մոդելը։ Մեքենայի մեկնարկային արժեքը կազմելու է 550 հազար եվրո, ինչի շնորհիվ Luce-ն կդառնա ապրանքանիշի ամենաթանկարժեք մոդելներից մեկը։
AIR Capital ընկերության վերլուծաբան Պիեռ-Օլիվիե Էսիգի գնահատմամբ՝ նոր Luce-ն տեսքով հիշեցնում է «էլեկտրական Honda Accord EV-ի և Tesla 3-ի հիբրիդ»։
Ռազմավարական թիրախներ և բացառիկության մոդել Ferrari-ի երկարաժամկետ ռազմավարությունը նախատեսում է, որ մինչև 2030 թվականը վաճառվող մոդելների 20%-ը կլինի ամբողջությամբ էլեկտրական, 40%-ը կկազմեն ներքին այրման շարժիչներով ավտոմեքենաները, իսկ մնացած 40%-ը՝ հիբրիդները։ Ընկերությունը տարեկան վաճառում է 14 հազարից պակաս մեքենա. արտադրության սահմանափակ ծավալներն ու բարձր գինը հանդիսանում են ընկերության բիզնես մոդելի հիմնական տարրերը: Նշենք, որ Ferrari-ն շարունակում է մնալ Եվրոպայի ամենամեծ կապիտալիզացիա ունեցող ավտոարտադրողը։
Երկրորդային շուկայի ռիսկերը Ինչպես նշում է The Wall Street Journal պարբերականը, իտալական ապրանքանիշի համար թույլ կողմ կարող է դառնալ էլեկտրամոբիլների վերավաճառքի շուկան, քանի որ էլեկտրական շարժիչով մեքենաները ժամանակի ընթացքում ավելի շատ են կորցնում իրենց արժեքը, քան բենզինային մոդելները։
Երկրորդային շուկան առանցքային նշանակություն ունի ընկերության համար, քանի որ, ըստ պաշտոնական տվյալների, Ferrari-ի արտադրած բոլոր մեքենաների մոտ 90%-ը դեռևս սարքին վիճակում է և շահագործվում է։ Էլեկտրամոբիլների կյանքի տևողությունը երկարացնելու նպատակով ընկերությունն ընդլայնված ապահովագրության մեջ ներառել է մարտկոցների պարտադիր փոխարինումն ամեն ութ տարին մեկ: Այս ծառայությունը կգործի նաև Luce մոդելի համար։
Բորսայական արձագանք Շնորհանդեսից հետո բորսայում Ferrari-ի բաժնետոմսերը նվազել են 6%-ով։ Տարվա սկզբից ընկերության շուկայական կապիտալիզացիան նվազել է 8,9%-ով՝ կազմելով 73,3 միլիարդ եվրո։

