Փետրվարի 19-ի բիզնես լուրերը

Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

ՏԵՂԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ

Կառավարությունը 948 մլն դրամ կհատկացնի 16 համայնքներում 18 սուբվենցիոն ծրագրերի համար

Կառավարությունը 2026 թվականի բյուջեից 948 մլն դրամ կհատկացնի ՀՀ մարզպետների աշխատակազմերին՝ շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու նպատակով։ Ծրագրերը վերաբերում են ճանապարհների մայթեզրերի կառուցմանը, փողոցների սալապատմանն ու ասֆալտապատմանը, կոյուղու և խմելու ջրագծերի կառուցմանը, մանկապարտեզի և մարզադաշտի վերանորոգմանը, ինչպես նաև այլ ենթակառուցվածքային աշխատանքներին։

Օտարերկրյա ներդրողները ՀՀ-ում կունենան տեղացի ներդրողներին հավասար իրավունքներ

Նոր կարգավորմամբ օտարերկրյա ներդրողները Հայաստանում կունենան տեղացի ներդրողներին հավասար իրավունքներ և պարտականություններ։ Նախագիծը նախատեսում է ներդրումների իրավական և ֆիզիկական պաշտպանվածության, կապիտալի ազատ տեղաշարժի, վեճերի լուծման և արդարադատության մատչելիության երաշխիքներ։

ՀԱԷԿ-ի համար ռեզերվային ճգնաժամային կենտրոն կկառուցվի

Իսակովի պողոտայում կկառուցվի ՀԱԷԿ-ի ռեզերվային ճգնաժամային կենտրոն։ Նախագիծը բխում է ատոմակայանի անվտանգության կանոններից և նպատակ ունի ապահովել կառավարման ու օպերատիվ արձագանքի լրացուցիչ հարթակ։ Գույքը կներառվի 100 տոկոս պետական մասնակցությամբ ընկերության կանոնադրական կապիտալում։

Պապոյանը նախաձեռնել է քննարկում տաքսիստների վարկավորման հարցով

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը քննարկում է նախաձեռնել ԿԲ-ի, բանկերի միության և օնլայն տաքսի ծառայությունների ներկայացուցիչների հետ՝ հարկեր վճարող և թափանցիկ աշխատող տաքսիստների վարկավորման հնարավորությունների շուրջ։ Նախարարը կոչ է արել համապատասխան վարորդներին դիմել իրենց սպասարկող ընկերություններին՝ հարցերը բանկերի հետ անհատական քննարկելու համար։

Հայաստանը 100 մլն եվրո վարկ կստանա ջրային ենթակառուցվածքների զարգացման համար

Հայաստանը Զարգացման ֆրանսիական գործակալությունից կստանա 100 մլն եվրո վարկ՝ ջրային և ոռոգման ենթակառուցվածքների զարգացման նպատակով։ Նախատեսվում է վերականգնել և արդիականացնել Սիսիան, Գորիս և Մեղրի համայնքների ոռոգման համակարգերը։ Ծրագիրը համաֆինանսավորվելու է նաև Համաշխարհային բանկի կողմից։


ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ

Իլոն Մասկը նպատակ ունի մինչև 10 տարում բնակեցնել Լուսինը

Իլոն Մասկը հայտարարել է, որ կենտրոնացել է մարդկանց Լուսին ուղարկելու և այնտեղ բնակեցնելու ծրագրի վրա։ Նրա գնահատմամբ՝ ծրագիրը կարող է իրականացվել առավելագույնը 10 տարվա ընթացքում, մինչդեռ Մարսի բնակեցումը կպահանջի ավելի երկար ժամանակ։

Nestlé-ի բաժնետոմսերը հասել են ութ տարվա նվազագույնի

Nestlé ընկերության բաժնետոմսերը նվազել են մինչև վերջին ութ տարվա ամենացածր մակարդակ՝ մանկական կաթնախառնուրդների աղտոտման հետ կապված սկանդալի ֆոնին։ Ընկերությունը հետ է կանչել մի շարք խմբաքանակներ 25 երկրներում։

BMW-ն դեմ է Ռուսաստան մեքենաների մատակարարմանը

BMW-ն հայտարարել է, որ կտրականապես դեմ է Ռուսաստան մեքենաների մատակարարմանը։ Ընկերության տվյալներով՝ եթե մեքենաները ռուսական շուկա են մտնում այլընտրանքային ուղիներով, դա տեղի է ունենում իրենց վերահսկողությունից դուրս։

Հունգարիան և Սլովակիան դադարեցնում են դիզելային վառելիքի արտահանումը Ուկրաինա

Հունգարիան և Սլովակիան դադարեցրել են դիզելային վառելիքի արտահանումն Ուկրաինա՝ մինչև «Դրուժբա» նավթամուղով մատակարարումների վերականգնումը։ Սլովակիայի վարչապետը նաև հայտարարել է էլեկտրաէներգիայի մատակարարումների հնարավոր դադարեցման մասին։