Փետրվարի 18-ի բիզնես լուրերը

Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում

ՏԵՂԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ

Հունաստանը Հայաստանի համար կարևոր գործընկեր է․ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ Հունաստանը Հայաստանի համար կարևոր գործընկեր է, և առկա է մեծ ներուժ երկկողմ համագործակցությունը խորացնելու համար։ Նա նշել է, որ վերջին տարիներին դրական զարգացումներ են նկատվում ներդրումների, առևտրաշրջանառության և զբոսաշրջային հոսքերի մասով։ Հայաստանը մտադիր է համագործակցությունը խորացնել տնտեսության բոլոր ուղղություններով։

Փետրվարի 17-18-ը բացահայտվել է 178 հանցագործություն․ ոստիկանություն

Ոստիկանության տվյալներով՝ փետրվարի 17-18-ը հանրապետությունում բացահայտվել է 178 հանցագործություն։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է 5 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության և 1 դեպք՝ անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու։ Հայտնաբերվել է 10 հետախուզվող և 1 անհայտ կորած անձ։ Գրանցվել է նաև զենք-զինամթերք կամավոր հանձնելու 3 դեպք։

Պետական ռեգիստրի գործակալությունը 2025-ին կատարել է ավելի քան 75 հազար գրանցում

Պետական ռեգիստրի գործակալությունը 2025 թվականին իրականացրել է ավելի քան 75 հազար գրանցում։ 545 պետական գրանցման գործ ուսումնասիրվել է օրենքով սահմանված ժամկետներից ավելի կարճ ժամանակում, ինչի արդյունքում պետական բյուջե է մուտքագրվել 19,820,000 դրամ։ Միասնական գրանցամատյանից տեղեկությունների արագացված տրամադրման արդյունքում ապահովվել է ևս 6,800,000 դրամ մուտք։

Հայաստանը մասնակցել է «Defence Cyber Marvel 2026» բազմազգ կիբերվարժանքներին

Հայաստանը մասնակցել է «Defence Cyber Marvel 2026» բազմազգ կիբervարժանքներին՝ ամրապնդելով համագործակցությունը Միացյալ Թագավորության հետ կիբերպաշտպանության ոլորտում։ Վարժանքներին մասնակցել են ավելի քան 2500 ներկայացուցիչներ 29 երկրներից։ Հայաստանից մասնակցել են Պաշտպանության նախարարության, Տեղեկատվական համակարգերի գործակալության և Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները։

Հայաստանը դառնում է Կովկասի առաջին թեկնածուն՝ «Գաստրոնոմիայի համաշխարհային տարածաշրջան 2028» կոչման համար

Հայաստանը միացել է «Գաստրոնոմիայի համաշխարհային տարածաշրջան» հարթակին՝ դառնալով 2028 թվականի մրցանակի թեկնածու և Կովկասի առաջին ներկայացուցիչը։ Նախաձեռնությունը կարևորում է գաստրոնոմիան որպես ինքնության, սոցիալական համախմբման, կրթության և զբոսաշրջության զարգացման շարժիչ ուժ։


ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ

YouTube-ում լայնածավալ խափանում է տեղի ունեցել

2026 թվականի փետրվարի 18-ին YouTube-ում արձանագրվել է լայնածավալ տեխնիկական խափանում, որը դարձել է վերջին ամիսների ամենախոշոր անսարքություններից մեկը։ Տարբեր երկրներում օգտատերերը խնդիրներ են ունեցել հարթակ մուտք գործելու և տեսանյութեր դիտելու ընթացքում։ Ամենաշատ հաղորդումները գրանցվել են ԱՄՆ-ից՝ ավելի քան 320,000։ Google-ը պաշտոնական բացատրություն դեռ չի ներկայացրել։

ԱՄՆ-ում ռեստորանները փոքրացնում են ուտեստների չափաբաժինները

ԱՄՆ-ում ռեստորանային ցանցերը նվազեցնում են ուտեստների չափաբաժինները՝ գնաճի, սպառողների սննդային փոփոխվող նախասիրությունների և ախորժակը նվազեցնող նոր դեղամիջոցների տարածման ֆոնին։ Շատ ռեստորաններ մենյուներում սկսել են առաջարկել նաև միջին և փոքր չափերի տարբերակներ՝ ծախսերը վերահսկելու և հաճախորդների պահանջներին համապատասխանելու համար։

Հունվարին Վրաստան մասնավոր դրամական փոխանցումների ծավալը կազմել է 282.64 մլն դոլար

2026 թվականի հունվարին Վրաստան ստացված մասնավոր դրամական փոխանցումները կազմել են 282.64 մլն դոլար՝ աճելով 16.6%-ով։ Իտալիան առաջին տեղում է փոխանցումների ծավալով՝ առաջ անցնելով ԱՄՆ-ից։ Ռուսաստանը երրորդ տեղում է, սակայն գրանցել է ավելի քան 30% աճ։

Կասեցվել են ռուսական նավթի վերջին մատակարարումները ԵՄ

Հունգարիա և Սլովակիա ռուսական նավթի մատակարարումները դադարեցվել են։ Սրանք ԵՄ վերջին երկրներն էին, որոնք դեռ ստանում էին ռուսական հումք։ Դադարեցումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Ռուսաստանը օդային հարված է հասցրել Ուկրաինայի տարածքով անցնող «Դրուժբա» նավթամուղին։