Հայաստանի խորհրդարանում քննարկվում է համապետական ընտրությունների կարգը արմատապես փոխող օրենսդրական նախաձեռնություն, որը նպատակ ունի սահմանափակել արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների մասնակցությունը քվեարկություններին։ Այսօր՝ հուլիսի 1-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մանրամասներ է ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հեղինակած օրինագծի և դրա շուրջ Գործադիրի դիրքորոշման վերաբերյալ։
Պատգամավորների նախնական առաջարկով՝ ընտրություններին պետք է թույլ տալ մասնակցել միայն այն քաղաքացիներին, որոնք վերջին մեկ տարում առնվազն 6 ամիս ապրել են Հայաստանում։ Նախարարի խոսքով՝ օրինագծի հիմնական տրամաբանությունն այն է, որ քվեարկելու իրավունք վերապահվի այն քաղաքացիներին, որոնք ցույց են տալիս իրենց մշտական և կայուն կապը պետության հետ, ինչը հատկապես արտահայտվում է Հայաստանում բնակվելով։
Կառավարության առաջարկը. 2 տարուց 1-ը՝ Հայաստանում
Անդրադառնալով Գործադիրի մոտեցմանը՝ ՆԳ նախարարը հայտնել է, որ Կառավարությունն առաջարկում է բնակության ցենզը հաշվարկել պասիվ ընտրական իրավունքի (պատգամավոր թեկնածու առաջադրվելու) ցենզի կեսի չափով.
«Կառավարության առաջարկն այն է, որ այն լինի պասիվ ընտրական իրավունքի կեսի չափով, այսինքն՝ երկու տարում վերցնենք որպես չափանիշ, և դրա շրջանակներում, եթե անձը մեկ տարի մշտական բնակություն ունի Հայաստանի Հանրապետությունում, ապա կարողանա մաս կազմել սկզբում նախնական, ապա վերջնական ցուցակների և գնալ քվեարկության»,- պարզաբանել է Արփինե Սարգսյանը՝ հավելելով, որ սա իրական ժողովրդի իշխանության երաշխավորման կարևոր քայլ է։
Նախարարը նշել է, որ ռեզիդենտության կանոնը նորություն չէ և լայնորեն կիրառվում է միջազգային պրակտիկայում, օրինակ՝ առողջության համապարփակ ապահովագրության ներդրման գործընթացում։ Նմանատիպ մոտեցում արդեն իսկ գործում է տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների ժամանակ, երբ քաղաքացին չի ընդգրկվում ընտրացուցակներում, եթե չի բավարարում տվյալ համայնքում մշտական բնակության հաշվառման կանոնին։
Արձագանք Սփյուռքի մտահոգություններին
Պատասխանելով հարցին, թե արդյոք կան հստակ հաշվարկներ, թե քանի մարդ է արտերկրից եկել քվեարկելու, և արդյոք դա է անհանգստացրել իշխանություններին, Արփինե Սարգսյանը հերքել է մտահոգությունների գործոնը։ Նրա ձևակերպմամբ՝ նախագիծը պարտադիր չէ, որ բխի որևէ մեկի անհանգստությունից, այլ հանդիսանում է հանրային պահանջի արդյունք, քանի որ քաղաքացիները ամիսներ շարունակ բարձրաձայնել են այս հարցը։
Նախարարը փորձել է ցրել նաև Սփյուռքի հայրենակիցների հնարավոր մտահոգությունները՝ շեշտելով, որ սահմանափակումն ունի վերականգնողական բնույթ. «Դու կարող ես, օրինակ, այս ընտրությունների ժամանակ բավարարել ցենզին, հաջորդ ընտրության ժամանակ չբավարարել և չմասնակցել ընտրություններին։ Չընտրելը դեռևս չի նշանակում, որ Հայաստանը հրաժարվում է իր այդ քաղաքացուց։ Ընդամենը կառուցակարգեր են»։
Օրինագիծը խորհրդարանում քննարկվում է արտահերթ նիստի ձևաչափով։ Նախարարը հայտնել է, որ նախագծի շուրջ արդեն իսկ կազմակերպվել են հանրային քննարկումներ, և վստահություն է հայտնել, որ պատգամավորները վերջնական քվեարկության ժամանակ հաշվի կառնեն բոլոր արժեքավոր դիտարկումները։

