Ազգային ժողովում պատգամավոր Զարուհի Բաթոյանը ներկայացրել է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելմանն ու դրա դեմ պայքարին ուղղված օրենսդրական փոփոխությունների լայնածավալ փաթեթ։ Նախագծի նպատակն է բարձրացնել բռնության ենթարկված անձանց պաշտպանության արդյունավետությունն ու ապահովել դեպքերի առավել զոհակենտրոն քննություն։
Ինչու է դա կարևոր. Առաջարկվող փոփոխություններով էապես խստացվում են Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերի դրույթները։ Մասնավորապես, վերացվում է «նախազգուշացումը» որպես պաշտպանության միջոց, բացառվում է քրեական պատասխանատվությունից ազատումը «գործուն զղջալու» հիմքով, իսկ քրեական հետապնդումն իրականացվելու է հանրային կարգով (անմիջականորեն պետության կողմից՝ անկախ դատախազի նախաձեռնությունից կամ տուժողի բողոքից)։
Օրենսդրական փաթեթի առանցքային նորամուծությունները.
Պաշտպանական միջոցների վերանայում.
«Նախազգուշացումը» վերացվում է՝ անարդյունավետ լինելու պատճառով։
Ոստիկանների կողմից անհետաձգելի միջամտության որոշման կայացումն արդեն պարտադիր կլինի, եթե անձի նկատմամբ վերջին 1 տարում 1-ից ավելի անգամ բռնություն է կիրառվել։
Ոստիկանության ծառայողները ահազանգերին արձագանքելիս պարտավոր կլինեն կիրառել տեսաձայնագրող տեխնիկական միջոցներ (բոդիկամներ)։
Պարտադիր ռեաբիլիտացիոն ծրագրեր.
Բռնություն գործադրած անձանց վերականգնողական ծրագրերին մասնակցությունը դառնում է պարտադիր թե՛ դատարանի, թե՛ ոստիկանության անհետաձգելի միջամտության որոշումների դեպքում։
Էլեկտրոնային վերահսկողություն և խափանման միջոցներ.
Պաշտպանվող անձին մոտենալու կամ շփվելու սահմանափակումները կվերահսկվեն էլեկտրոնային միջոցներով (ապարանջաններով)։
Բացառվում է տնային կալանքը, եթե մեղադրյալն ու տուժողը համատեղ են բնակվում և հնարավոր չէ նրանցից մեկի բնակությունը տեղափոխել այլ վայր։
Զոհակենտրոն դատավարություն.
Տուժողը, որպես կանոն, հարցաքննվելու է ընդամենը 1 անգամ և կարող է հրաժարվել լրացուցիչ հարցաքննությունից։
Ֆիզիկական բռնության սահմանումը լրացվում է աջակցող միջոցներից կամ օժանդակ հարմարանքներից (սայլակներ, լսողական ապարատներ և այլն) զրկելու դեպքերով։


