Եվրոպական միության անդամ երկրները քննարկում են ԵՄ դիվանագիտական ծառայության հնարավոր արմատական վերակառուցման տարբերակները: Այս կտրուկ քայլի պատճառը Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (EEAS) և դրա ղեկավար Կայա Կալասի աշխատանքում արձանագրված ձախողումներն ու դիսֆունկցիան են։ Այս մասին հայտնում է հեղինակավոր Financial Times (FT) պարբերականը՝ հղում անելով դիվանագիտական սեփական աղբյուրներին։
«Այն դիսֆունկցիոնալ է». Կառուցվածքային ճգնաժամ Բրյուսելում
FT-ի հետ զրույցում եվրոպացի բարձրաստիճան դիվանագետները չեն թաքցրել իրենց հուսահատությունը Բրյուսելի արտաքին քաղաքական ապարատից.
«Ակնհայտ է, որ EEAS-ը չի աշխատում այնպես, ինչպես պետք է աշխատի աշխարհում: Այն դիսֆունկցիոնալ է: Խնդիրը կառուցվածքային է, ուստի կառուցվածքը պետք է հիմնովին վերականգնել»,— նշել է թերթի աղբյուրը:
Անդամ երկրներն այժմ քննարկում են Կալասին և 1 միլիարդ եվրո տարեկան բյուջե ունեցող նրա գերատեսչությանը լիազորություններից զրկելու հնարավորությունը՝ նպատակ ունենալով EEAS-ի հիմնական գործառույթները հետ վերադարձնել Եվրամիության անդամ պետությունների ազգային կառավարություններին։
Փարիզի պլանը. Սահմանափակել Կալասի անկախությունը
Ինչպես հաղորդում են աղբյուրները, բարեփոխումների ամենաագրեսիվ նախագիծը ներկայացրել է Ֆրանսիան: Փարիզի առաջարկը ներառում է.
Եվրադիվանագիտության ղեկավարի (Կայա Կալասի) ինքնավարության կտրուկ սահմանափակում,
Ամբողջ աշխարհում գործող ԵՄ դիվանագիտական ներկայացուցչությունների նկատմամբ Բրյուսելի վերահսկողության թուլացում,
Գործառույթների պատվիրակում անդամ երկրների ԱԳՆ-ներին:
Ինսայդերների փոխանցմամբ՝ ստեղծված իրավիճակում առկա է իրական ռիսկ, որ EEAS-ը որպես առանձին ինստիտուտ կարող է ընդհանրապես վերացվել: Միևնույն ժամանակ, մայրաքաղաքներում վստահ են, որ այս օպտիմալացումը թույլ կտա հսկայական միջոցներ խնայել և կրճատել ԵՄ ուռճացված բյուրոկրատական ապարատը։
Կայա Կալասի սեփական խաղը և համակարգման բացակայությունը
Եվրոպական մայրաքաղաքներում դժգոհության ալիքը հասել է գագաթնակետին նաև ներքին քաոսի պատճառով: Մասնավոր կարգով դիվանագետները նշում են, որ չափազանց մեծ գործառութային հատումներ (կրկնություններ) և համակարգման կատարյալ բացակայություն կա EEAS-ի, անդամ երկրների ԱԳՆ-ների, Եվրոպական հանձնաժողովի և ԵՄ խորհրդի արտաքին կապերի բաժինների միջև:
Վերջին շրջանի գլոբալ ճգնաժամերը ցույց տվեցին, որ EEAS-ն ի վիճակի չէ օպերատիվ որոշումներ համակարգել: Իրավիճակն ավելի է սրում այն փաստը, որ անձամբ Կայա Կալասը հաճախ հանդես է գալիս սեփական, անհատական հայտարարություններով այնպիսի զգայուն հարցերի շուրջ, որոնց պատասխանը պետք է նախապես և հավաքականորեն համաձայնեցված լիներ ԵՄ բոլոր անդամների կողմից։

