Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և Արաբական Միացյալ Էմիրությունները փոխանակել են պաշտոնական ծանուցումներ՝ Եվրասիական տնտեսական միության և ԱՄԷ-ի միջև տնտեսական գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի ավարտի վերաբերյալ, որը ստորագրվել է 2025 թվականի հունիսի 27-ին Մինսկում։
«Համաձայնագրի դրույթներին համապատասխան՝ փաստաթղթի ուժի մեջ մտնելու համար, անհրաժեշտ ընթացակարգերի ավարտը հաստատող նոտաների փոխանակումից հետո, նախատեսված է 60-օրյա ժամկետ։ Այսպիսով, համաձայնագիրն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հոկտեմբերի 6-ին», - այս կապակցությամբ հայտնել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը։
Այսօր Արաբական Միացյալ Էմիրությունները ԵԱՏՄ գլխավոր առևտրային գործընկերներից մեկն է։ Եվրասիական «հնգյակի» երկրների և ԱՄԷ-ի միջև ապրանքաշրջանառությունը կայուն աճում է. 2025 թվականին այն 12 տոկոսով ավելացել է 2024 թվականի համեմատ։
Համաձայնագրով ձևավորվող նոր առևտրային ռեժիմի շրջանակում էմիրաթական կողմը բացել է արտոնյալ հասանելիություն ապրանքային անվանացանկի 86 տոկոսի, կամ ԵԱՏՄ-ից ԱՄԷ արտահանման ծավալի 98 տոկոսի նկատմամբ։
Զիջումների ստացված ծավալը ԵԱՏՄ անդամ պետությունների արտահանողներին թույլ կտա ամեն տարի խնայել առնվազն 266 մլն դոլար մաքսատուրքերի վճարման հաշվին։
«Ակնկալում ենք, որ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո մեր երկրների միջև տարեկան ապրանքաշրջանառությունը կարող է աճել առնվազն 5–6 մլրդ դոլարով», - ընդգծել է Անդրեյ Սլեպնյովը։
Ապրանքային առումով արտոնյալ հասանելիություն կապահովվի ԵԱՏՄ երկրների այնպիսի առանցքային գյուղատնտեսական ապրանքների համար, ինչպիսին են հացահատիկեղենը (ցորեն, գարի, եգիպտացորեն), միսը (խոշոր եղջերավոր անասունների միս, գառան միս, ենթամթերք), թռչնամիսը, ձուն, չորացրած բանջարեղենը (սիսեռ, ոլոռ, ոսպ, լոբի), բուսայուղը, կաթնամթերքը, հրուշակեղենը, հանքային ջուրը, ջեմերը, շոկոլադը։
Արդյունաբերական հատվածի մասով զիջումներ են տրամադրվել ապրանքների հետևյալ կատեգորիաների համար՝ մետաղագործական արդյունաբերության արտադրանքի լայն տեսականի, նավթամթերք (ներառյալ թեթև և այլ դիստիլյատներ), անտառարդյունաբերական համալիրի արտադրանք, ցելյուլոզ, տպագիր արտադրանք, քիմիական արդյունաբերության ապրանքներ, մեխանիկական սարքավորումների լայն տեսականի՝ տուրբիններից մինչև պոմպերի առանձին տեսակներ։
Արաբական Միացյալ Էմիրությունները կկարողանա մեծացնել սպառողական արտադրանքի լայն անվանացանկով մատակարարումները, ինչպես նաև մատակարարել մի շարք կարևոր ապրանքներ, որոնց ներմուծմամբ շահագրգռված են ԵԱՏՄ երկրները։
«Մենք նաև ակնկալում ենք, որ համաձայնագրում ամրագրված կարգավորող նորմերը թույլ կտան բիզնեսի փոխգործակցությունը դուրս բերել նոր մակարդակ, իսկ առևտրի կարգավորման հստակ և թափանցիկ կանոնների ամրագրումը կբարձրացնի բիզնեսի հետաքրքրվածության մակարդակը փոխադարձ առևտրի նկատմամբ», - հավելել է Անդրեյ Սլեպնյովը։
Համաձայնագրում ներառվել են մի շարք ժամանակակից կարգավորող դրույթներ, որոնք արձագանքում են համաշխարհային առևտրային քաղաքականության առկա մարտահրավերներին, այդ թվում՝ էլեկտրոնային առևտրի, տնտեսական համագործակցության և փոքր ու միջին ձեռնարկություններ՝ի միջազգային առևտրում ներգրավման մասով։
Ավարտելով՝ Անդրեյ Սլեպնյովը նշել է, որ ԱՄԷ-ով անցնում է Հյուսիս — Հարավ տնտեսական միջանցքը։ Սա լրացուցիչ առավելություններ է ստեղծում այլ երկրներ ԵԱՏՄ արտահանողների համար՝ Պարսից ծոցի և Հնդկական օվկիանոսի շուկաներում մուտք ապահովելու հարցում, ինչն առևտրի զարգացման հնարավորություն է ստեղծում, այդ թվում՝ հարավասիական տարածաշրջանի հետ։


