ՀՀ քննչական կոմիտեն հաղորդում է, որ «Արմենիա» բժշկական կենտրոնի բժշկուհու նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում՝ մարդու օրգանի ապօրինի շրջանառությանը օժանդակելու կասկածանքով։
Քննությամբ պարզվել է, որ բժշկուհին 2022 թվականի նոյեմբերից մինչև 2023 թվականի մայիսը օժանդակել է իր ազգականին՝ վերջինիս երիկամը 40-60 հազար ԱՄՆ դոլարի դիմաց վաճառելու գործընթացում։
Ըստ նախաքննության տվյալների՝ կողմերը քննարկել են գնորդ գտնելու և գործարքի պայմանները։ Բժշկուհին, տեղեկանալով երիկամի փոխպատվաստման կարիք ունեցող անձի մասին, նրա տվյալները փոխանցել է իր ազգականին՝ նրանց միջև կապ հաստատելու նպատակով։
Քննչական կոմիտեի տվյալներով՝ հետագայում երիկամի վաճառքը չի կայացել, իսկ պոտենցիալ ստացողը տեղյակ չի եղել, որ գործընթացը ենթադրում է վճարովի գործարք։
Բժշկուհուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 43-183-րդ հոդվածի 1-ին մասով՝ մարդու օրգանների ապօրինի շրջանառությանը օժանդակելու համար։
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։
Հիշեցվում է, որ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը չի ապացուցվել դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

