Բյուրեղավանում արձանագրված աղիքային վարակի դեպքերը կապված են եղել ջրի աղտոտման հետ

Համաճարակաբանական տվյալները վկայում են, որ գործընթացը մարում է։

Ապրիլի 21-ին Բյուրեղավանում արձանագրված աղիքային վարակիչ հիվանդության դեպքերի վերաբերյալ նոր տվյալներ են ներկայացվել։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ խմելու ջրի նմուշներում հայտնաբերվել են կոլիֆորմ մանրէներ։

Բացի այդ, կենսաբանական նմուշների հետազոտություններով արձանագրվել են ռոտավիրուս, ադենովիրուս, ինչպես նաև կոլի խմբի ախտածին մանրէներ։

Հիշեցնենք, որ նույն օրը երեկոյան շտապօգնության բազմաթիվ կանչեր էին գրանցվել՝ փսխման, սրտխառնոցի, ջերմության և լուծի գանգատներով։

Ըստ տվյալների՝ կանչերի թիվը հասել էր շուրջ 30-ի, իսկ ավելի վաղ հաղորդվել էր 11 հոսպիտալացվածի մասին։

ՀՎԿԱԿ-ից նշում են, որ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, և ներկայում իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ։

Նշվում է, որ բռնկման ակտիվ տարածում չի արձանագրվում, նոր դեպքեր չկան, իսկ բուժառուների վիճակը գնահատվում է բավարար։

Համաճարակաբանական տվյալները վկայում են, որ գործընթացը մարում է։

Մինչ այդ համայնքապետարանը և բուժհաստատությունները հորդորել էին ջուրը չօգտագործել կամ օգտագործել միայն եռացնելուց հետո։