Հայաստանի կառավարությունը փոփոխություններ է առաջարկում Հարկային օրենսգրքում, որոնք նպատակ ունեն ամրապնդել պետության և հարկ վճարողի միջև փոխվստահությունը, ինչպես նաև առավել թիրախային դարձնել հարկային հանցագործությունների դեմ պայքարը:
Նախագծին Կառավարության մարտի 19-ի նիստում տրվեց դրական եզրակացություն:
«Նախորդ տարվա երկրորդ կեսից կամ, գուցե, ավելի վաղ, գուցե, 2024 թվականից նամակներ, ազդակներ էին գալիս, որ Կառավարությունը «հարկային տեռոր» է սկսել բիզնեսի նկատմամբ, որին մեր արձագանքը այն էր, որ մենք ոչ միայն «տեռոր» անելու ցանկություն չունենք, այլև ընդհակառակը, տնտեսությունը քաջալերելուն ուղղված տասնյակ միլիարդներ ենք ծախսում»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն ընդգծեց՝ այսօր չկա մի ընկերություն, որը Կառավարության աջակցությամբ մեքենա կամ սարքավորում գնած չլինի, ինչպես նաև օգտված չլինի արտոնյալ վարկերի պայմաններից:
«Բայց, մյուս կողմից, մեր սկզբունքը շատ հստակ է՝ բիզնեսից մենք ակնկալում ենք հարկային պարտաճանաչություն և ակնկալում ենք, որ իրենք իրենց հարկերը վճարեն։ Մենք ոչ մի լումա ավել չենք ակնկալում, և ոչ մի լումա պակաս»,- նշեց Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ գործող օրենսդրությունն ունի որոշակի խնդիրներ, որոնք լուծվում են առաջարկվող փոփոխություններով:՚
«ՊԵԿ-ը շատ դեպքերում գործում է ինքնաշխատ եղանակով։ Այսինքն՝ օրենքով եկավ շեմը հատեց, ինքը իր գործողությունը պետք է անի, հակառակ դեպքում պաշտոնյաները կարող են մեղադրվել իրենց գործառույթները չիրականացնելու մեջ։ Այդ քննարկումներին ներկա էր նաև Քննչական կոմիտեի նախագահը, և մենք ընդհանուր առմամբ եկանք այս ըմբռնմանը և հիմա իրականացնում ենք դա։ Այսպիսով՝ «հարկային տեռորը» հայտարարում եմ փակված։ Կարևորը՝ չեմ հայտարարում բացված, կարևորը հայտարարում եմ փակված»,- ասաց վարչապետը:
Օրենքի նախագիծը Կառավարության դրական եզրակացությամբ կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը:

