Այս տարվա առաջին 9 ամիսների տվյալներով՝ Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ընդգրկված է մոտ 1,8 միլիոն քաղաքացի, որոնցից ավելի քան 1 միլիոնն արդեն հասցրել է օգտվել ծրագրի ընձեռած հնարավորություններից։ Ամսական կտրվածքով համակարգը սպասարկում է միջինում 350-ից 370 հազար շահառուի, իսկ մեկ շահառուի բուժսպասարկման միջին արժեքը՝ չհաշված դեղորայքը, կազմում է 50-ից 60 հազար դրամ։
Ինչպես նշում է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Հայկ Բաբայանը, 9 ամսվա ընթացքում քաղաքացիներին տրամադրվել է մոտ 164 միլիարդ դրամի փոխհատուցում, իսկ հատուցումների գործակիցը կազմել է 93 տոկոս։
«Սա օրենքով պլանավորված 88 տոկոսից ավելի է 5 տոկոսային կետով, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ առաջին տարվա դիմելիությունը և ծախսատարությունը եղել են բարձր՝ հիմնականում կուտակված հիվանդությունների ծախսերով պայմանավորված»,- պարզաբանել է Հայկ Բաբայանը։
Դեղորայքային ապահովման ֆինանսական բեռը
Ապահովագրական փաթեթն այսօր ներառում է 2887 անուն ծառայություն՝ առաջնային խորհրդատվություններից մինչև բարդ վիրահատական միջամտություններ։ Այնուամենայնիվ, ամենամեծ ֆինանսական բեռն ընկնում է դեղորայքային ապահովման վրա, և կանխատեսումները հուշում են, որ առաջիկա տարիներին այս ցուցանիշը շարունակելու է աճել։ Վիճակագրության առաջին հորիզոնականում սիրտ-անոթային հիվանդությունների դեմ դեղերն են, երկրորդում՝ շաքարային դիաբետի բուժման համար նշանակվող դեղամիջոցները։
Հայկ Բաբայանի ներկայացմամբ՝ 9 ամսվա ընթացքում շահառուներին տրամադրվել է մոտ 480 հազար դեղ, իսկ դեղերի տրամադրման ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4,1 միլիոնի։
«Դեղորայքային ծախսերի մասով պետք է հաշվի առնել, որ ինֆեկցիոն մեկանգամյա նշանակումներից սկսած մինչև բավականին հազվագյուտ, թանկարժեք, խրոնիկ հիվանդությունների դեղերը տրամադրվում են դեղատոմսերի տեսքով։ Դեղ ստացող շահառուների ընդհանուր թիվն ամսական կայունանում է մոտավորապես 150 հազար քաղաքացու շրջանակում»,- նշել է հիմնադրամի ղեկավարը։
Հատուցումների միջակայքը և հերթերի խնդիրը
Փոխհատուցումների չափերը տարբեր են՝ կախված առողջական խնդրի բարդությունից․ եթե մեկ շահառուի համար նվազագույն հատուցումը կազմել է ընդամենը 3000 դրամ, ապա ամենաթանկ բուժման դեպքում պետությունը վճարել է 10,9 միլիոն դրամ։
Համակարգի գործարկմանը զուգահեռ հաճախ են հնչում դժգոհություններ բուժհաստատությունների գերծանրաբեռնվածության և երկար հերթերի վերաբերյալ, երբ պացիենտները բժշկին հասնելու համար ստիպված են լինում սպասել շաբաթներով։ Հիմնադրամում վստահ են, որ խնդիրը միայն համակարգային չէ, և իրավիճակը կարող են մեղմել հենց քաղաքացիները, որոնք հաճախ ձգտում են հետազոտվել բացառապես երևանյան կենտրոններում, մինչդեռ իրենց խնդիրը կարող է լիարժեք լուծում ստանալ նաև մարզային բուժհաստատություններում։
«Երբ համակարգն ավտոմատացնի հերթերը, և քաղաքացու համար իր խորհրդատվության մասով տեսանելի լինեն բոլոր բուժհաստատությունները՝ իրենց հերթերի քանակով, նա ինքը կորոշի՝ արժի՞ հասնել Երևան 2 ամիս հետո, որովհետև հերթն այդպիսին է, թե՞ այցելել մոտակա մարզային բուժհաստատություն, որտեղ հերթը կարող է մի քանի օրվա կամ մի քանի ժամվա լինել»,- ընդգծել է Հայկ Բաբայանը։
Գենդերային պատկեր. ովքե՞ր են ավելի հաճախ դիմում և ո՞ւմ բուժումն է ավելի թանկ
Ուշագրավ է նաև ապահովագրության գենդերային վիճակագրությունը։ Բուժհաստատություններ դիմողների մեծամասնությունը՝ 54 տոկոսը, կանայք են, 46 տոկոսը՝ տղամարդիկ։ Սակայն տվյալները ցույց են տալիս, որ տղամարդկանց բուժումը շատ ավելի թանկ արժե։
Մասնագետների դիտարկմամբ՝ պատճառը կանխարգելիչ մոտեցման տարբերությունն է․ կանայք ավելի ուշադիր են իրենց առողջության նկատմամբ և հիվանդությունները հայտնաբերում են վաղ փուլում, մինչդեռ տղամարդիկ բժշկի են դիմում ծայրահեղ դեպքերում՝ հիմնականում արդեն սիրտ-անոթային վիրահատությունների անհրաժեշտությամբ։ Մասնագետները հորդորում են չանտեսել ախտանշանները և ժամանակին անցնել կանխարգելիչ բուժզննում՝ ծանր հետևանքներից խուսափելու համար։


