Ադրբեջանն ու Իսրայելը համաձայնել են համագործակցել գերհամակարգիչների մշակման ոլորտում՝ արհեստական բանականության վերաբերյալ ստորագրված հուշագրի շրջանակներում։ Այդ մասին հայտնում են իսրայելական և ադրբեջանական լրատվամիջոցները։
Ադրբեջանում Իսրայելի դեսպանատնից հայտնել են, որ փաստաթուղթը նախատեսում է համագործակցություն մի շարք ուղղություններով, այդ թվում՝ քաղաքացիական նշանակության արհեստական բանականության հավելվածների մշակում, մասնագետների պատրաստում և համատեղ գիտական հետազոտությունների իրականացում։
Հուշագիրը նպատակ ունի ձևավորել տեխնոլոգիական համագործակցության գործնական հարթակ՝ բարձր հաշվարկային հզորությունների և արհեստական բանականության կիրառությունների զարգացման համար։
Իսրայելի դեսպան Ռոնեն Կրաուսի խոսքով՝ ստորագրված փաստաթուղթը արտացոլում է Բաքվի և Թել Ավիվի միջև տեխնոլոգիական և ռազմավարական համագործակցության ընդլայնումը։ Նա նշել է, որ համաձայնությունը միտված է երկարաժամկետ գործընկերության ամրապնդմանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում։

