Օգոստոսի 25-ի կարևոր լուրերը

Հայաստան

Տավուշի մարզի Ենոքավան գյուղում քաղաքացի է ընկել զիփլայնի հարթակից մոտ 3 մ բարձրությունից։ Տուժածին փրկարարները մոտեցրել են շտապօգնության մեքենային, և նա հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Կապանում մեկնարկել է ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների տարեկան աշխատաժողովը։ Բացման խոսքով հանդես է եկել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ուղերձով՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Ելույթ է ունեցել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը և պատասխանել դեսպանների հարցերին։

Մեկնարկել են Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության նոր մարզադպրոցի կառուցման աշխատանքները։ Այն կդառնա շուրջ 300 պատանի և երիտասարդ մարզիկների պատրաստման ժամանակակից կենտրոն։

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիության դիմումները ընդունվում են ՆԳՆ միգրացիայի ծառայության ավելի քան 40 հասցեում։ Սեպտեմբերի 1-ից նրանք ազատվում են պետական տուրքի վճարումից։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է մոդուլային տիպի նոր զորամասերի շինարարական տարածքներ, ծանոթացել պայմաններին և տվել հանձնարարականներ։

Մեկնարկել են Հավերժության տաճարի թեք մույթերի վերականգնման և վարչական մասնաշենքի տանիքի նորոգման աշխատանքները։ Հիմնանորոգման ընթացքում հուշահամալիրը և թանգարանը բաց կլինեն այցելուների համար։

Կապանում դիվանագիտական ներկայացուցիչների հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության ընթացքը սկսել է համընթաց դառնալ միջազգային գործընթացներին, ինչը եզակի հնարավորություն է ստեղծում։

Հայաստանում հունիսին արձանագրվել է 3.9% գնաճ։ Արհմիությունների կոնֆեդերացիան զգուշացնում է, որ հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումը խորացնում է սոցիալապես խոցելի խմբերի վիճակը։

Եվրոպական առողջապահական մարմինները զգուշացնում են մոծակների միջոցով փոխանցվող հիվանդությունների աճի մասին։ ՀՀ-ում արձանագրվել է Արևմտյան Նեղոսի տենդի 2 լաբորատոր հաստատված դեպք, սակայն համաճարակային իրավիճակը կայուն է։

Տարածաշրջան և աշխարհ

Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Եմենի մայրաքաղաք Սանային։ Զոհվել է 2 մարդ, վիրավորվել՝ 5-ը։ Ի պատասխան՝ հութիները հրթիռներ և անօդաչուներ են արձակել Իսրայելի ուղղությամբ։

ՌԴ-ն և Ուկրաինան փոխանակել են 146 ռազմագերի։ Բացի այդ, վերադարձվել է Կուրսկի մարզի ութ քաղաքացի։ Միջնորդական դեր է ունեցել ԱՄԷ-ն։

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմի հարձակման հաջորդ օրը եվրոպական մայրաքաղաքում փորձ է արվել ձևավորել Իրանին փոխարինող իշխանություն, սակայն ժողովուրդը միասնական հակահարված է տվել։

Իրանի դեսպանը Ռուսաստանում հայտնել է, որ ադրբեջանական տարածքով ռուսական գազի մատակարարումների մեկնարկի գրեթե բոլոր հարցերը լուծված են, բացի գնի հարցից։

Ադրբեջանցիները Ստեփանակերտում ոչնչացրել են Աշոտ Ղուլյանի հուշարձանը։ Արցախի մշակութային և զբոսաշրջության զարգացման գործակալությունը դա որակել է որպես վանդալիզմ և մշակութային ժառանգության խախտում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ABC և NBC հեռուստաալիքները պետք է զրկվեն լիցենզիաներից, եթե միլիոնավոր դոլարներ չվճարեն։ Նա նշել է, որ «կոռումպացված լրագրությունը» պետք է դադարեցվի։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նշել է, որ Ռուսաստանը խաղաղության հասնելու համար գնացել է զգալի զիջումների, ներառյալ Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելը։

Վաշինգտոնում ազգային գվարդիայի զինծառայողները սկսել են հերթապահության ժամանակ զենք կրել՝ հանցավորության դեմ պայքարի խստացման շրջանակում։

Կալիֆոռնիայում շարունակվում են անտառային հրդեհները։ Տարհանվել են հարյուրավոր մարդիկ։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են 1230 հրշեջ և 10 ուղղաթիռ։

Գազայի հատվածում սովից մահացածների թիվը հասել է 300-ի, որոնցից 117-ը երեխաներ են։ Վերջին մեկ օրում մահացել է առնվազն 11 մարդ։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ «Դրուժբա» նավթատարի ուղղությամբ հարվածները կապված են Հունգարիայի դիրքորոշման հետ՝ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությունը արգելափակելու հարցում։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Քննարկվել են ռուս-ամերիկյան գագաթնաժողովի արդյունքները, Իրանի միջուկային ծրագիրը և տարածաշրջանային զարգացումները։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ նախագահ Թրամփը «շատ առատաձեռն է եղել» և ավելին տվել, քան սպասում էին։ Նա նաև ընդգծել է, որ Թրամփն արժանի է Նոբելյան մրցանակի։

Կանադան հատկացրել է 1.45 միլիարդ դոլար Ուկրաինային ռազմական օգնության համար։ Գումարի մեծ մասը կուղղվի զրահամեքենաների, անօդաչուների և զինամթերքի մատակարարմանը։

Տնտեսություն և բիզնես

Հայկական բանկերն ու բրոքերները սկսել են ռուսաստանցիներից պահանջել հարկային ռեզիդենտության վերաբերյալ տվյալներ՝ Ռուսաստանի հետ ավտոմատ կերպով տեղեկատվություն փոխանակելու համար։

Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքը» 30 տարվա ընթացքում կբերի 3.6 միլիարդ դոլար և կփոխի տարածաշրջանի ճակատագիրը։

Իլոն Մասկը Մարկ Ցուկերբերգին առաջարկել է միանալ OpenAI-ի ձեռքբերմանը։ Մասկն ու ներդրողների խումբը ներկայացրել են 97.4 միլիարդ դոլարով այն գնելու հայտ։

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ երկիրը չի կարողանում հաղթահարել սոցիալական ծախսերը։ Միայն այս տարի կենսաթոշակային համակարգի դեֆիցիտի ծածկման համար հատկացվել է 121 միլիարդ եվրո։

Ռուսաստանը 2023-ից հետո առաջին անգամ Վրաստանից ձմերուկ է ներկրել։ Այս տարվա մատակարարումները կազմել են 455.6 հազար դոլար։