ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է Վաշինգտոնում Թրամփի և Ալիևի հետ ստորագրած հռչակագրի տեքստը
Լուրեր |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է Վաշինգտոնում Թրամփի և Ալիևի հետ ստորագրած հռչակագրի տեքստը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ հանդիպման արդյունքներով ստորագրված հռչակագիրը։
«Այսօր Սպիտակ տանը կայացած Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպմանը ստորագրեցինք Ադրբեջանի Հանրապետության նախագահի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի համատեղ Հռչակագիրը` Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Հռչակագրի տեքստը՝ ստորև.
«Մենք՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահը և Հայաստանի Հանրապետության վարչապետը, 2025 թվականի օգոստոսի 8–ին հանդիպելով Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում, հռչակում ենք հետևյալը․
1․ Մենք և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Ջ․ Թրամփը ականատես եղանք Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի համաձայնեցված տեքստի նախաստորագրմանը Կողմերի արտաքին գործերի նախարարների կողմից։ Ըստ այդմ, մենք ընդունեցինք Համաձայնագրի ստորագրմանը և վերջնական վավերացմանը հասնելու ուղղությամբ հետագա գործողությունները շարունակելու անհրաժեշտությունը և ընդգծեցինք մեր երկու երկրների միջև խաղաղության պահպանման ու ամրապնդման կարևորությունը։
2․ Մենք ականատես եղանք նաև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների կողմից Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանն (ԵԱՀԿ) ուղղված՝ ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և կից կառուցակարգերի լուծարման վերաբերյալ համատեղ դիմումի ստորագրմանը։ Մենք կոչ ենք անում ԵԱՀԿ բոլոր մասնակից պետություններին ընդունել այս որոշումը։
3․ Մենք վերահաստատեցինք ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա, տարածաշրջանում ու նրա հարևանությամբ խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը խթանելու նպատակով։ Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով։
4․ Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։ Մենք հաստատում ենք մեր վճռականությունը բարեխղճորեն ձեռնարկելու բոլոր միջոցները՝ սույն նպատակին հնարավորինս արագ կերպով հասնելու համար։
5․ Մենք ընդունում ենք անցյալի հակամարտությամբ չկանխորոշված, Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանն ու 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան պայծառ ապագայի ուղի նախանշելու անհրաժեշտությունը։ Մարդկային անասելի տառապանքներ պատճառած հակամարտությունից հետո մեր ժողովուրդների համար ստեղծվել են վերջապես բարիդրացիական հարաբերություններ սկսելու պայմաններ՝ հիմնված միջազգային սահմանների անքակտելիության և տարածքներ ձեռք բերելու նպատակով ուժի կիրառման անթույլատրելիության սկզբունքների վրա։ Այս իրողությունը, որը ենթակա չէ և երբեք չպետք է ենթակա լինի վերանայման, ճանապարհ է հարթում մեր երկու ժողովուրդների միջև թշնամանքի էջը փակելու համար։ Մենք վճռականորեն մերժում և բացառում ենք վրեժխնդրության ցանկացած փորձ ներկայում և ապագայում։
6․ Մենք արտահայտում ենք մեր համոզմունքը, որ այս գագաթնաժողովը ամուր հիմք է փոխադարձ հարգանքի և տարածաշրջանում խաղաղության առաջմղման համար։
7․ Մենք խորին շնորհակալություն ենք հայտնում Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Ջ․ Թրամփին այս կարևոր գագաթնաժողովի հյուրընկալման եւ ցուցաբերած ջերմ ընդունելության, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացում իր նշանակալի ներդրման համար։
Սույն Հռչակագիրը ստորագրվել է 2025 թվականի օգոստոսի 8–ին Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում»։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/01/19 22:00
Հունվարի 19-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/01/19 19:19
Հունվարի 19-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
-
Հունվարի 19-ի բիզնես լուրերը
2026/01/19/ 22:00 -
Հունվարի 19-ի կարևոր լուրերը
2026/01/19/ 19:19 -
Հարավային Կովկասում տնտեսական աճի հեռանկարները․Համաշխարհային բանկի նոր կանխատեսումը
2026/01/19/ 18:41 -
Աշխարհի խոշորագույն Կենտրոնական բանկերի ցանկը՝ ըստ համախառն ակտիվների
2026/01/19/ 17:54 -
Հայաստանում կկիրառվի կոռուպցիոն ռիսկերի գնահատման համակարգ
2026/01/19/ 17:49 -
Թրամփի նոր վարչակազմի առաջին տարում ԱՄՆ–Ռուսաստան առևտուրը աճել է գրեթե 24%-ով՝ հասնելով 3.9 մլրդ դոլար
2026/01/19/ 17:48 -
Հեռավար գործարքներ, նոր պահանջներ և շուկայի վիճակագրություն․ կարևոր շեշտադրումներ՝ անշարժ գույքի ոլորտում
2026/01/19/ 15:47 -
Նոր գաղափարներ ու ծրագրեր․ Rexus Premium ակումբը մուտք գործեց 2026
2026/01/19/ 15:25 -
Օպտիկական մալուխների վնասման պատճառով Միգրացիայի և քաղաքացիության ծառայության առցանց հարթակները ժամանակավորապես անհասանելի են
2026/01/19/ 14:29 -
Մեկ շաբաթում Փրկարար ծառայությունում գրանցվել է 635 դեպք․ տուժել է 95, զոհվել՝ 19 մարդ
2026/01/19/ 14:25
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 18, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 17, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 16, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 14, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 15, 2026 Թ․