Միացյալ Թագավորությունը և Հայաստանը շարունակում են ամրապնդել համագործակցությունը կիբերպաշտպանության ոլորտում՝ մասնակցելով «Defence Cyber Marvel 2026» բազմազգ վարժանքներին։ Վարժանքներին մասնակցում են ավելի քան 2500 ներկայացուցիչներ 29 երկրներից։
Այս մասին հաղորդում է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը։
Վարժանքների վայր են այցելել Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա Քոուլը և Միացյալ Թագավորության ռազմական կցորդ Թոմաս Շորլանդ Բոլը։ Նրանք հետևել են վարժանքների ընթացքին, հանդիպել հայ և բրիտանացի մասնակիցների հետ և քննարկել կիբերկայունության կարևորությունը ժամանակակից փոփոխվող անվտանգային միջավայրում։
Դեսպանության հաղորդագրության համաձայն՝ նման վարժանքները նպաստում են գործընկերային հարաբերությունների ամրապնդմանը, մասնագիտական փորձի խորացմանը և անվտանգության ու կայունության հարցում ընդհանուր հանձնառության ամրապնդմանը։
«Միացյալ Թագավորությունը բարձր է գնահատում Հայաստանի հետ աճող համագործակցությունը պաշտպանության և անվտանգության ոլորտներում», — նշվում է հաղորդագրությունում։
Հայաստանից վարժանքներին մասնակցել են Պաշտպանության նախարարության, Տեղեկատվական համակարգերի գործակալության և Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները։

