Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ ներկայացնելով «Երևանի մաքսային-լոգիստիկ կենտրոն» ծրագրի շրջանակում ՎԶԵԲ-ի հետ համաձայնագիրը։
Նրա խոսքով՝ ներկայիս համակարգը բնութագրվում է գործընթացների տարանջատվածությամբ, ինչը բարդացնում է ընթացակարգերը և երկարացնում դրանց իրականացման ժամկետները։
Այսօր մաքսային գործընթացների տարբեր փուլեր իրականացվում են տարբեր վայրերում․ փաստաթղթային հսկողությունն իրականացվում է մաքսային մարմինների կողմից, իսկ զննությունները՝ առանձին տերմինալներում։
Բացի այդ, որոշ տերմինալներում բացակայում են անհրաժեշտ ենթակառուցվածքները, այդ թվում՝ լաբորատոր հնարավորությունները, ինչը դժվարացնում է ապրանքների արագ ստուգումը։
Նոր կենտրոնի նպատակն է այս բոլոր գործընթացները կենտրոնացնել մեկ հարթակում։
Սա, ըստ պաշտոնյաների, կբարձրացնի մաքսային վարչարարության արդյունավետությունը, կնվազեցնի ժամանակային ծախսերը և կպարզեցնի բիզնեսի գործունեությունը։
Կենտրոնում նախատեսվում է ինտեգրել ոչ միայն մաքսային գործառույթները, այլև ներմուծման և արտահանման հետ կապված այլ պետական մարմինների ծառայությունները։
Նախնական տվյալներով՝ կենտրոնը կկառուցվի Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում՝ «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու հարևանությամբ։
Ծրագիրը նպատակ ունի նաև ուժեղացնել Հայաստանի դիրքերը որպես տարածաշրջանային լոգիստիկ հաբ։
Ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել 39 մլն եվրոյի չափով՝ ՎԶԵԲ-ի վարկային միջոցների և պետական բյուջեի համաֆինանսավորման հաշվին։

